Ոստիկանության բաժիններում առաջարկվել են ցուցմունքներ տալ, որ, ասեն՝ «փող ենք տվել ու դուք անմիջապես ազատ կարձակվեք»

«Իրականացվել են զանգվածային ձերբակալություններ ամբողջությամբ ոչ իրավաչափ, ապօրինի եղանակով»,- այսօր ՀՅԴ-ի դեմ բռնաճնշումների թեմայով մամուլի ասուլիսին հայտարարեց փաստաբան Արսեն Բաբայանը:

«Ի սկզբանե պարզ է, որ ձերբակալությունները, հետագայում այդ անձանց կալանքի տանելու միջնորդությունները, պայմանավորված են եղել կոնկրետ անձնանց, կոնկրետ կուսակցական լինելու, խոսքը ՀՅԴ մասին է, հանգամանքով, և այդ  կուսակցությունում նրանց զբաղեցրած դիրքից, կապերից։

Ավելի պարզ ասեմ, կար ցուցակ, որտեղ գրված էին անուններ, թե ինչ պաշտոն են զբաղեցնում, ինչ կարգավիճակ ունեն ՀՅԴ գրասենյակում, մոտավորապես ինչ կապեր, հնարավորություններ ունեն, ըստ դրա էլ ընտրվում էր ամենախիստ խափանման միջոցներ կիրառելու հարցը: Ի սկզբանե այդ ձերբակալությունները ոստիկանությունում, քննչականում, ապա դատարանում իրականացվում  էր այդ ցուցակով»,- ասաց փաստաբանը։

Արսեն Բաբայանի խոսքով, հաջորդ  խնդիրը, որ առկա էր, ցանկանում էին ամեն եղանակով ստանալ իրենց համար ցանկալի ցուցմունքներ. «Ցանկալի ցուցմունքը հետևյալն էր, որ որևէ մեկը հայտարարի, որ իսկապես գումար է բաժանվել որևէ մեկին և ոստիկանության մարզային վարչության բարձր ղեկավարության կողմից մի քանի անձի նկատամբ կոնկրետ փորձեր են արվել։

Հենց ոստիկանության բաժիններում առաջարկվել  են ցուցմունքներ տալ, որ, ասեն՝ «փող ենք տվել ու դուք անմիջապես ազատ կարձակվեք»։ Ում նման առաջարկ է արվել, բոլորը կալանավորված են, դա նշանակում է, որ չեն համաձայնել նման ցուցմունք տալ, որովհետև չի էլ եղել նման հանգամանք, որ նման ցուցմունք տան»,-ասաց փաստաբանը: