Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է

Մայիսի 1-ն Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է, որը նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890 թ. Ավստրո-Հունգարիայում, Բեգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում:

1886 թ. մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում՝ Չիկագոյում, բախումներ եղան ոստիկանության հետ: Հուզումների մասնակիցներից շատերը ձերբակալվեցին, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան:

Ավելի ուշ՝ 1889 թվականին, Փարիզի Կոնգրեսը որոշեց, որ միջազգային պրոլետարիատը պետք է միավորվի և պայքարի իր իրավունքների, հատկապես 8-ժամյա աշխատանքային օրվա համար: Որոշվեց մեկ միասնական օր ընտրել, երբ աշխարհի բանվոր դասակարգն իշխանություններին իր պահանջները կներկայացնի:

Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը, մասնավորապես, սկսվեց նշվել 1919թ., ինչից հետո ամեն տարի գիտնականները, ուսանողները, մարզիկները և մարմնամարզիկները, երիտասարդները երթով անցնում էին քաղաքի փողոցներով` այդ կերպ ևս մեկ անգամ փառաբանելու և մեծարելու արարումն ու աշխատանքը:

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում մայիսի 1-ը ամրագրված է որպես Աշխատանքի օր, այն ոչ աշխատանքային է: