ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի պաշտպանության բանակի` ՑԱԽԱԼ-ի դեմ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է իսրայելական ռազմական գումարտակին տրամադրվող օգնությունը սահմանափակելու հարցը այն բանից հետո, երբ պարզվել է, որ այն երեք գումարտակներից մեկն է, որը, վստահելի տվյալների համաձայն, նախքան ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակումը, մասնակից է եղել օկուպացված Արևմտյան ափում պաղեստինցիների նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ասվում է  նամակում: Այս մասին փոխանցում է The times of israel-ը:

Իսրայելի կառավարության կողմից պատասխանատվության ենթարկելու որոշումից հետո այդ ստորաբաժանումներից երկուսը կշարունակեն ստանալ ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, սակայն,  արդյո՞ք, կսահմանափակվի  ԱՄՆ ռազմական օգնությունը ՑԱԽԱԼ-ի երրորդ ստորաբաժանմանը, դեռ քննարկման փուլում է, ասվում է նամակում:

ԱՄՆ-ի պաշտոնական աղբյուրը NBC News-ին հաստատել է, որ խոսքը Արևմտյան ափին տեղակայված, ուլտրաուղղափառ իսրայելցի զինվորներից բաղկացած, «Նեցախ Յեհուդա» գումարտակի մասին է, որը 2022 թվականից գտնվում է Պետդեպարտամենտի ուշադրության տակ:

Միևնույն ժամանակ, լրատվամիջոցն ընդգծում է, որ իսրայելցի պաշտոնյաները հրապարակավ և մասնավոր կերպով պնդում են, որ Վաշինգտոնը սահմանափակումներ չկիրառի այս ստորաբաժանման նկատմամբ՝ վախենալով, որ աննախադեպ քայլը ստվեր կգցի երկրի ամբողջ բանակի վրա։ ԱՄՆ-ն գնալով ավելի հաճախ է քննադատում իր դաշնակցի գործողությունները Գազայի հատվածում, իսկ ամերիկյան ուսանողական քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունենում Գազայի պատերազմի պատճառով:

1997 թվականի օրենքը, որը հայտնի է որպես Լիհիի ակտ, սահմանափակում է ԱՄՆ օգնությունը ցանկացած օտարերկրյա պետության անվտանգության ուժերին, եթե պարզվում է, որ ստորաբաժանումը թույլ է տվել «մարդու իրավունքների կոպիտ խախտում», սակայն կարող է բացառություն արվել, եթե պետքարտուղարը որոշի, որ արդյունավետ քայլեր են ձեռնարկվում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։

Օրենքը կրում է դրա գլխավոր հովանավոր, նախկին սենատոր Պատրիկ Լիհիի անունը, որը մոտ կես դար աշխատել է ԱՄՆ Սենատում: