Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց պետք է ուղարկել իրենց տեղերը․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ապա պատասխանեց լրագրողների հարցերին։

Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետ կապված հարցին նա պատասխանեց. «Սահմանազատումը պետք է տեղի ունենա այնպես, ինչպես տեղի է ունենում քաղաքակիրթ երկրների միջև։ Սահմանազատմանը պետք է նախորդի երևի ինչ-որ մի համաձայնագիր։ Մենք չգիտենք՝ ինչ սկզբունքով է դա արվում հիմա, արդյո՞ք դա սահմանազատում է, թե՞ հենց այնպես ճնշման տակ ինչ-որ բան տալ։

Ես չեմ տեսնում, որ այդ պրոցեսը մեզ տանում է խաղաղության, ընդհակառակը՝ տեսնում եմ, որ տանում է հետագա բարդությունների։ Այսինքն, խաղաղությունը փաստաթղթով է ամրապնդվում, այնուհետև գործողություններով իրականացվում են,  չգիտես ինչու՝ մեզ մոտ հակառակ ծայրից են գալիս՝ ինչպես շատ-շատ գործերում»։

Հարցին՝ ի՞նչ ռիսկեր կարող է սա ստեղծել հետագայում, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Ես չեմ կարող հիմա նկարագրել թե ինչ, բայց շատ բարդություններ, շատ վատ պրոցեսներ։
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է, որովհետև իրենք չունեն որևէ ունակություն, գիտելիք գոնե կառավարման ասպարեզում»։

Ըստ Սերժ Սարգսյանի, ընդդիմությանը դա չի հաջողվում անել մի քանի պատճառով. «Կան ոչ միասնական մոտեցումներ, կա արտաքին սատարում այս իշխանություններին, բազմաթիվ այլ պատճառներ»։

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հետաքրքրվեց, թե «արտաքին սատարում» ասելով՝ ո՞ւմ նկատի ունի, Ս. Սարգյսանը պատասխանեց. «Նկատի ունեմ նաև ձեզ։ Կոնկրետ օրինակ բերեմ.  կոնկրետ ձեր լրատվամիջոցը, եթե 7-8 տարի առաջ այսպիսի խոշտանգումներ լինեին, խոսքի համար ձերբակալվեին, կարծում եմ՝ մեծ աղմուկ կբարձրացնեիք, բայց այս անգամ մի քիչ, այսպես ասեմ, անում եք, բայց շատ մեղմ»։

Հայոց ցեղասպանության զոհերի անունները հավաքագրելու ու գրի առնելու իշխանության ներկայացուցիչ պատգամավորի առաջարկի մասին հարցին ի պատասխան, Սերժ Սարգսյանն ասաց. «Դա հիմարություն է, նման բան չի կարող լինել»։

Նիկոլ Փաշինյանի կողմից «Մեծ Եղեռն» տերմինն օգտագործելուն անդրադառնալով, ՀՀ երրորդ նախագահն ասաց. «Դեռևս 2006 թվականին ՀՀ-ում ցեղասպանության ժխտումը կամ մեղմումը պատժվում էր Քրեական օրենսգրքով»։

168.am–ի հարցին, թե այսօր թշնամին և ՀՀ իշխանությունները սարկարկման առարկա են դարձրել ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցը, այլև ՀՀ ինքնիշխանության խորհրդանիշները՝ Զինանշանը, Սահմանադրությունը, ի՞նչ է պետք անել, Սերժ Սարգսյանը կրկին կարճ պատասխանեց.

«Կանխելու միայն մեկ ձև կա. իրենց պետք է ուղարկել իրենց տեղերը, այդքան բան»։