Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. «Հետք»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է, գրում է «Հետքը»:
2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով ավելի քան 100 000 մարդ բռնի տեղահանվեց։
Հարազատներին, տունը և աշխատանքը կորցրած արցախցիները Հայաստանում կենսական հարցերի են բախվում։ Ի թիվս այլ խնդիրների՝ անորոշ է 2019 թվականից նրանց կուտակած կենսաթոշակային գումարների ճակատագիրը։
Արցախցիները հույս ունեն վաղաժամկետ ստանալ այդ գումարները՝ մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը։ Սակայն, հարցին առնչվող կառույցները, պետական մարմիններն ու պաշտոնյաները կամ իրար հակասող տեղեկություններ են տալիս, կամ «ձեռքերը լվանում»՝ խնդրի կարգավորումը դուրս համարելով իրենց տիրույթից։
Արցախցի պաշտոնյաները փորձում են հասնել այդ գումարների վաղաժամկետ տրամադրմանը։
«Գեն նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմինե Ավագիմյանը բռնի տեղահանումից հետո Հայաստանում զբաղվում է արցախահայության խնդիրներով։
Արմինեն բազմաթիվ զանգեր է ստացել Արցախում աշխատած և կենսաթոշակ կուտակած քաղաքացիներից։ Փորձել է հարցումների միջոցով պարզել կուտակած գումարների և համակարգի հետագա ճակատագիրը։
«Կուտակային կենսաթոշակային բաղադրիչը բավականին քիչ էր մեկնաբանված Արցախում։ Համակարգի մասնակիցները քիչ էին տեղեկացված, թե այդ կուտակային բաղադրիչն ի՞նչ գործիքակազմ է տալիս իրենց, ի՞նչ իրավունքներ ունեն նրանք և այլն։ Ավելին, արցախցիներին կենսաթոշակային ֆոնդը ընտրելու հնարավորություն չի էլ տրվել․ մարդիկ ավտոմատ կերպով են միացել այդ համակարգին»,- ասում է Արմինե Ավագիմյանը։
Արմինեի նախաձեռնությանը միացել են մոտ վեց հարյուր արցախցիներ։ Նրանք պահանջում են վերադարձնել կենսաթոշակային կուտակային հաշվին առկա իրենց գումարները։
«Գաղտնիք չէ, որ արցախցիներից շատերն այսօր գտնվում են ծանր սոցիալական վիճակում և շատերը կնախընտրեին այդ գումարները հետ ստանալ»,- ասում է Արմինեն։
Արցախցիները կուտակում են 2019 թվականից. շուրջ 34 500 մասնակից, 18 մլրդ դրամ ակտիվներ
Արցախում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին քննարկումները սկսվել են 2013 թվականից։ Բայց միայն 2019 թվականին է համակարգը ներդրվել։
Գրանցված աշխատող քաղաքացու աշխատավարձի 5-10%-ը (կախված աշխատավարձի չափից) պետության և աշխատողի մասնակցությամբ ուղղվել է կենսաթոշակային ֆոնդ, որն էլ իր հերթին մեկ այլ ֆոնդի է լիազորել կառավարել այդ գումարները։
Կառավարիչ ֆոնդն այդ գումարները ներդրել է տարբեր աղբյուրներում՝ պարտատոմսերում, արժեթղթերում, բանկերում և պարտավորվել դրանք այնպես «աշխատեցնել», որ հավելյալ եկամուտներ կուտակվեն։ Քաղաքացին այդ գումարները ստանում է կենսաթոշակային տարիքին հասնելուն պես։
Արցախում կենսաթոշակային կուտակվող գումարները հավաքվել են «Ջեներալ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ի ստեղծած Պահպանողական կենսաթոշակային ֆոնդում։ Ընկերությունը գրանցվել է Հայաստանի կենտրոնական բանկում 2019 թվականի օգոստոսի 2-ին և ստացել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա, ինչը նշանակում է, որ ընկերության գործունեությունը կարգավորվում է Կենտրոնական բանկի կողմից։
Ընկերության միակ բաժնետերն է Հայաստանում գրանցված «Ներդրումների կառավարման հիմնադրամ»-ը, որի հոգաբարձուների խորհրդի անդամներ են արցախցի նախկին պետական գործիչներ Գրիգոր Մարտիրոսյանը, Արթուր Հարությունյանը և Սամվել Ավանեսյանը։
Արցախի պետնախարար Արամ Սարգսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ «Ջեներալ ասեթ մենեջմենթ»-ն էլ արցախցիների կուտակային գումարները փոխանցում էր Հայաստանում գործող կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա»-ին։
Ստացվում է, որ «Ջեներալ ասեթ մենեջմենթ»-ը միջնորդ ֆոնդ է արցախցիների և «Ցե-Կվադրատ»-ի միջև։
Ըստ «Ջեներալ ասեթ մենեջմենթ»-ի ներկայացրած վերջին կատարողականի՝ 2024 թվականի ապրիլի 16-ի դրությամբ ֆոնդի զուտ ակտիվների արժեքը մոտ 18.1 մլրդ դրամ է։ Դրանից ենթադրվում է, որ արցախցիների կուտակած գումարներն այս պահին այդքանն են։
Արմինե Ավագիմյանին դիմած արցախցիներից մեկն այս տարվա մարտին հայտնել է, որ չնայած արդեն մի քանի ամիս է՝ չի աշխատում, սակայն օնլայն համակարգով ստուգել է իր կենսաթոշակային կուտակած գումարը և նկատել, որ այն աճում է։ «Կուտակային բաղադրիչի իմաստն էլ այն է, որ ֆոնդերը, որոնք կառավարում են այդ գումարները, դրանք տեղաբաշխում են տարբեր ֆինանսական գործիքների մեջ, և տոկոսային եկամուտի տեսքով այդ գումարները վերադառնում են մասնակցի հաշիվ»,- բացատրում է Արմինեն։
Ընդ որում՝ այն արցախցիները, որոնք Հայաստանում գրանցված աշխատողներ են, կուտակում են արդեն նոր հաշիվներով՝ Արցախում եղած հաշիվներից զատ։
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում գրանցվել են օրենսդրական բացառություններ, որոնց դեպքում միայն հնարավոր կլինի կուտակումները հետ ստանալ՝ մինչև կենսաթոշակային տարիքը (63 տարեկանը) լրանալը։
Սակայն, այնպիսի ֆորսմաժորային իրավիճակի մասին, ինչպիսին էր արցախցիների բռնի տեղահանումը, օրենքը դրույթներ չի ունեցել։
Արցախցիների՝ Հայաստան տեղափոխվելուց հետո իրական խառնաշփոթ է սկսվել նրանց կուտակած կենսաթոշակների մասով։ Արդյոք նրանք պետք է շարունակեն կուտակել արդեն Հայաստանի կենսաթոշակային համակարգի կանոններով, թե՞ ժամանակն է վերադարձնել գումարները, և եթե արցախցիները սկսեն աշխատել կամ արդեն աշխատում են Հայաստանում, սկսեն կուտակել զրոյից։ Ահա, այս հարցերի պատասխաններն են, որ պետական մարմինները, կառույցներն ու փորձագետները մեկնաբանում են խիստ տարբեր։
Արցախի կառավարությունը հապշտապ փոփոխություն մտցրեց համակարգում
2024 թվականի հունվարին, երբ Արցախի պաշտոնյաներն արդեն Հայաստանում էին, լրացումներ կատարեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» ԱՀ օրենքում, որը նաև ենթադրում է կուտակված կենսաթոշակային միջոցների վերադարձ անկանխատեսելի իրավիճակներում։
Արցախի պետական նախարար Արամ Սարգսյանը հաստատում է, որ «Ջեներալ ասեթ մենեջմենթ»-ի հետ կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարի վերադարձի շուրջ քննարկումներ կան, բայց մանրամասներ չի նշում։
«Արցախի կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով նախատեսվում է ընտրություն տալ արցախցիներին՝ դիմումի համաձայն շարունակել կուտակել իրենց իսկ նախընտրած ֆոնդում կամ հետ ստանալ հաշվի մնացորդը առաջիկա 9 ամսվա ընթացքում։ Գումարը կվերադարձվի՝ անկախ նրանից ՀՀ քաղաքացի կլինեն, թե փախստական», – ասում է Արամ Սարգսյանը։
Նա վստահեցնում է, որ արցախցիների կարգավիճակի փոփոխությունը ոչ մի ազդեցություն չի ունենա գումարների վերադարձի գործընթացի վրա։
Փոխարենը Հայաստանի պետական մարմիններն ու կենսաթոշակային համակարգին առնչվող կառույցները ոչ մի կերպ չեն հաստատում կամ հերքում արցախցիների կենսաթոշակային միջոցների հնարավոր վերադարձի մասին տեղեկությունները։
Քննարկվում է արցախցիների կուտակային միջոցները Հայաստանում գործող կենսաթոշակային հաշիվներ փոխանցելու հարցը
Ներկայում Հայաստանում քննարկվում է արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարները Հայաստանում գործող կուտակային կենսաթոշակային իրենց հաշիվներին փոխանցելու օրենսդրական հնարավորության ստեղծումը։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Այլ խոսքով՝ հնարավոր է արցախցիների կենսաթոշակային միջոցները տեղափոխվեն Հայաստանում գործող նոր հաշիվներ, որոնց վրա արցախցիները կշարունակեն կենսաթոշակ կուտակել արդեն Հայաստանում։ Դա ենթադրում է, որ արցախցիները այդ գումարները կստանան արդեն կենսաթոշակային տարիքում՝ Հայաստանի օրենսդրությանը համապատասխան։
«ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կգտնվեն աշխատանքային հարաբերությունների մեջ կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն կկատարեն աշխատանքներ կամ գործունեություն կիրականացնեն որպես անհատ ձեռնարկատեր, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով կընդգրկվեն կուտակային կենսաթոշակի համակարգում և ձեռք կբերեն մասնակցի կարգավիճակ։ Սա նշանակում է, որ նրանք օրենքով սահմանված կարգով ու չափով կկատարեն սոցիալական վճարներ, իսկ կուտակային հատկացման գումարը կձևավորվի սոցիալական վճարներից և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցներից»,- պարզաբանում են նախարարությունից։
Ջեներալ ասեթ մենեջմենթ. «Ընկերությունը շարունակում է բնականոն եղանակով կառավարել իրեն հանձնված կենսաթոշակային ֆոնդի ակտիվները»
«Ջեներալ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն, որին ինչպես նշեցինք փոխանցվում են արցախցիների կենսաթոշակային գումարները, գրանցված է Հայաստանում։ Մեր հարցմանն ի պատասխան ընկերությունից հայտնում են, որ շարունակում են բնականոն կառավարել իրենց հանձնված կենսաթոշակային ֆոնդի ակտիվները, ինչի վերաբերյալ պարբերաբար ներկայացնում են հաշվետվություններ։
Քանի որ, ըստ Արցախի պետնախարար Արամ Սարգսյանի, արցախցիների կուտակած կենսաթոշակները «Ջեներալ ասեթ մենեջմենթ»-ն էլ իր հերթին կառավարման է հանձնում «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա»-ին, փորձեցինք պարզել նաև «Ցե-Կվադրատ»-ի դիրքորոշումը։
«Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա»-ից չհստակեցրին, թե երբ են վերջին անգամ «Ջեներալ ասեթ մենեջմենթ»-ից կուտակային կենսաթոշակային միջոցների համալրման փոխանցում ստացել։
«Ցե-Կվադրատ»-ից շեշտում են, որ Արցախից բռնի տեղահանված այն քաղաքացիները, որոնք ներկայում Հայաստանում գրանցված պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցներ են, օգտվում են ՀՀ օրենքով սահմանված բոլոր իրավունքներից և երաշխիքներից՝ ՀՀ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում իրենց ունեցած փայերի մասով:
«Ինչ վերաբերում է Արցախից բռնի տեղահանված այն քաղաքացիներին, որոնք հանդիսանում են ՀՀ-ում գրանցված պարտադիր կենսաթոշակային ֆոնդերից զատ որևէ այլ ֆոնդերի մասնակիցներ, ապա Ընկերությունն իրենց կուտակված միջոցների տնօրինմանն առնչվող որևէ հարցի վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում»,- նշված է պատասխանում:
«Ցե-Կվադրատ»-ը բանակցությունների մասին ոչինչ չի հայտնում, իր պատասխանում էլ նշում է, որ պատրաստ է ապահովել արցախցիների բոլոր այն իրավունքները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենքով։
Այսպիսով, ոչ «Ջեներալ ասեթ մենեջմենթ»-ը և ոչ էլ «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա»-ն որևէ տեղեկություն չեն տալիս արցախցիների կուտակած կենսաթոշակների հետագա ճակատագրի և կառավարման վերաբերյալ։ Միայն «Ջեներալ ասեթ մենեջմենթ»-ի պատասխաններից կարելի է ենթադրել, որ եղած գումարները կկառավարվեն այնքան ժամանակ մինչև դրանց վերաբերյալ կամ պաշտոնական որոշումներ լինեն, կամ այնքան երկար, մինչև մասնակիցները հասնեն կենսաթոշակային տարիքի։
Կենտրոնական բանկը, Դեպոզիտարիան ու Ֆինանսների նախարարությունը հարցի կարգավորումը իրենց տիրույթից դուրս են համարում, իսկ Ֆինանսական համակարգի հաշտարարը նման գործերի փորձ չունի
Արցախի կուտակային համակարգի հետ կապված հարցերը, այդ թվում՝ կատարված կուտակային հատկացումների կամ դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ, Հայաստանի Կենտրոնական բանկի իրավասություններից դուրս են։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան այսպես են արձագանքել Կենտրոնական բանկից։
Առաջարկում են հարցերն ուղղել Արցախի պատկան մարմիններին։
Արմինե Ավագիմյանը ևս տարբեր հարցումներ է ուղարկել Հայաստանի պետական մարմիններին՝ հասկանալու՝ ի վերջո ինչ որոշում է կայացվել արցախցիների կուտակած կենսաթոշակների հարցով։
Դիմել է նաև «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ին։ Դեպոզիտարիան իրականացնում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարումը: Օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության գործառույթը նույնպես վերապահված է Դեպոզիտարիային:
Ի թիվս այլ հարցերի՝ Արմինեն ԿԲ-ին և Դեպոզիտարիային հարցրել է, թե արդյոք համապատասխանում են իրականությանը հանրության շրջանում տարածված պնդումներն առ այն, որ սկսած 2023թ. փետրվար-մարտից՝ Արցախում գրանցված աշխատակիցներից գանձվել, սակայն համապատասխան ֆոնդերին չեն փոխանցվել կուտակային կենսաթոշակային համակարգի համար նախատեսված վճարները։
ԿԲ-ն ու Դեպոզիտարիան կրկին պատասխանել են, որ այդ հարցերը իրենց տիրույթում չեն։
Նույնաբովանդակ պատասխան ենք ստացել նաև Հայաստանի ֆինանսների նախարարությունից. «ՀՀ ֆինանսների նախարարությունն ուսումնասիրել է Ձեր հարցումը, որի վերաբերյալ հայտնում է, որ Ձեր բարձրացրած հարցերի կարգավորումը և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը դուրս են ՀՀ ֆինանսների նախարարության իրավասությունների շրջանակից»։
Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարը, որի գործառույթն է, ֆինանսական կառույցների հետ քաղաքացիների անհամաձայնությունների դեպքում, պաշտպանել քաղաքացիների շահերը, առայժմ պաշտոնական դիմումներ չի ստացել որևէ արցախցուց։
Մեզ հետ բանավոր հեռախոսազրույցում Հաշատարարի գրասենյակից հայտնեցին, որ մինչև այժմ երկու զանգ են ստացել արցախցիներից կենսաթոշակների հարցով։ Բայց քանի որ գրավոր դիմումներ չկան, ինչպես կարգն է պահանջում, հարցին ընթացք չի տրվել։
Թե ինչ կարող է Հաշտարարն անել այս դեպքում, պարզ չէ, քանի որ նման փորձ գրասենյակը չի ունեցել։
Ի՞նչ է ասում օրենքը. ֆորսմաժորային իրավիճակը, ինչպես բռնի տեղահանումը, չի «տեղավորվել» օրենքում
Կարող է, արդյոք, 2024 թվականին ԱՀ օրենքում կատարված փոփոխությունը երաշխավորել, որ բռնի տեղահանված արցախցիների կուտակած գումարը վաղաժամկետ կվերադարձվի։ Արցախի կառավարությունը, ի դեմս պետնախարար Արամ Սարգսյանի, վստահեցնում է, որ բանակցում է ֆոնդերի հետ և կլուծի հարցը։
Մյուս կողմից՝ «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում անհաղթահարելի ուժի ազդեցությամբ (ֆորս-մաժոր) պայմանավորված միջոցների վերադարձ նախատեսված չէ։ Օրենքում չկան կարգավորումներ նաև փախստականի կամ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակով մարդկանց կենսաթոշակային կուտակային համակարգում ներգրավվելու մասին։
Նման դրույթներ չկան նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում, որին ենթարկվում է արցախցիների գումարները կառավարող «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա»-ն։ Ըստ Արամ Սարգսյանի, սակայն, դա որոշիչ չէ, և արցախցիների գումարները պետք է վերադարձվեն ԱՀ օրենքի փոփոխությունների համաձայն, քանի որ այդ գումարների տերը արցախցիներն են։
Արդյոք կապ ունի՞ քաղաքացիությունը
Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները, որոնք այսօր ապրում են Հայաստանում, տարբեր կարգավիճակներ ունեն։ Նրանց մեծ մասը փաստացի ՀՀ քաղաքացի չէ, փախստական է, որը գտնվում է Հայաստանի ժամանակավոր պաշտպանության տակ։
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ կուտակային կենսաթոշակների հարցում Հայաստանի քաղաքացի դառնալը դեր չի ունենալու։
Պարզվում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը քաղաքացիության պահանջ չի առաջադրում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի պարզաբանմամբ՝ կենսաթոշակային ապահովությունը չի կարող փոխկապակցվել քաղաքացիության հետ։ Եվ եթե արցախցիները Հայաստանում ընդունվում են աշխատանքի, նրանք մեխանիկորեն դառնում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից՝ անկախ նրանից՝ Արցախում եղել են կուտակայինի մասնակից, թե՞ ոչ։
«Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից լինելու համար ՀՀ քաղաքացու անձնագիր ունենալը կողմնորոշիչ չէ։ Կարևորը ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով ՀՀ-ում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելն է»,- մեզ հետ զրույցում նշեց Անահիտ Գալստյանը։
Ըստ նրա՝ կենսաթոշակի իրավունքի իրացումը կախված է Հայաստանի հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական բազաներում անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվություն առկայությունից։
Մինչ կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող կառույցներն ու պետական մարմինները, փաստացի, «լվանում են ձեռքերը» կամ խոսում ընդամենը քննարկումների մասին, Արցախի պաշտոնյաները հավաստիացնում են, որ գումարները կվերադարձվեն, իրենք՝ գումարներ կուտակած արցախցիները, անորոշ սպասում են։