Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ

Անցած տարի Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 704 մլն դոլար, իսկ ընդհանուր առմամբ մի քանի տարիների ընթացքում այդ ցուցանիշը աճել է 2-3 անգամ։ Այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Հաշվի առնելով մի շարք ծրագրեր, որոնց շուրջ բանակցում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, հնարավորություն կա բարձրացնելու այդ ցուցանիշները»,- նշեց նա՝ հավելելով, որ առևտրի աճ է գրանցվել նաև 2024 թվականի հունվար և փետրվար ամիսներին։
Դեսպանի խոսքով, քննարկված ծրագրերից մեկը վերաբերում է կապի ոլորտին։
Դիվանագետն նշել է նաև, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում՝ կրճատված վճարների տեսքով, այդ թվում՝ տարանցման համար։
«Բացի այդ, օրակարգում է ճանապարհների բարեկարգման հարցը, ինչպես նաև Հայաստանի հետ ապրանքների փոխանակման առևտուր սկսելու հնարավորությունը»,- ընդգծել է Մեհդի Սոբհանին։

Դիվանագետը նաև նշել է, որ Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը շուտով կայցելի Հայաստան։

Նա հույս է հայտնել, որ այս այցի ընթացքում հնարավոր կլինի պայմանավորվածություններ ձեռք բերել առևտրի զարգացման վերաբերյալ։

Դեսպանը հայտնել է նաև Իրանի նավահանգիստների և նավագնացության կազմակերպության ղեկավարի Հայաստան կատարելիք այցի մասին։

«Քննարկվում է հայ պաշտոնյաների Չաբահար նավահանգիստ այցելելու հնարավորությունը։ Հայաստանը շահագրգռված է այս նավահանգստում կենտրոնի բացմամբ, որը կնպաստի Իրանի, Հնդկաստանի և ընդհանրապես հարավի հետ առևտրի զարգացմանը»,- նշել է դիվանագետը։