ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության հարցում հստակությունը ձեռնտու կլինի բոլորին․ Տասմագամբետով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը NEWS.ru-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Երևանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը դաշինքում, և նշել, որ այս հարցում հստակությունը ձեռնտու կլինի կազմակերպության բոլոր անդամներին։

«Սառեցման» հայեցակարգը արտացոլված չէ կազմակերպության փաստաթղթերում, ուստի մենք այն չենք օգտագործի ներկայիս իրավիճակի հետ կապված։ Հայաստանը՝ որպես Կազմակերպության անդամ, իսկապես զգալիորեն կրճատել է իր գործունեության շրջանակը, բայց, այնուամենայնիվ, աշխատանքները շարունակվում են, քարտուղարության օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկվում են սովորական ռեժիմով։ Այս հարցում հստակությունը ձեռնտու կլինի մեր կազմակերպության բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ճիշտ պլանավորման համար»,-ասել է Թասմագամբետովը։

Նրա խոսքով, ՀԱՊԿ-ի նման դաշինքին մասնակցելը իրավասություն է, որի միջոցով խելամիտ մոտեցմամբ մասնակիցը հնարավորություն ունի լիարժեքորեն ապահովել ազգային անվտանգությունը, հատկապես, եթե «երկրի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ մարտահրավերները և սպառնալիքները հաճախ տեղական վերլուծաբանների կողմից գնահատվում են որպես էքզիստենցիալ»։

Ինչպես նշել է գլխավոր քարտուղարը, նախկին ծավալով գործունեությունը վերսկսելու որոշումը կախված է բացառապես Հայաստանի քաղաքական ղեկավարությունից։ Նա նաև հայտարարեց, որ վերլուծաբանները Հարավային Կովկասում իրավիճակի սրման միտում են նշում։

«Ակնհայտ է, որ նման ռիսկեր կան։ Ուստի տարածաշրջանի երկրների քաղաքական ղեկավարությունը մեծ պատասխանատվություն է կրում, առաջին հերթին՝ իրենց ժողովրդի առջև։ ՀԱՊԿ քարտուղարությունն իր հերթին միշտ պատրաստ է կազմակերպության նպատակներին, ստորագրված փաստաթղթերին և հնչեցրած նախաձեռնություններին համապատասխան լուծել տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրները, ինչպես բազմիցս ասվել է»,-նշել է Տասմագամբետովը։