Աշխարհը համակ ուշադրությամբ հետևում է Իրանին հարվածելու վերաբերյալ Իսրայելի հայտարարություններին (տեսանյութեր). 2
Եթե սկսվեց Իսրայել- Իրան պատերազմը. այն կդառնա տարածաշրջանային
Սկիզբը՝ այստեղ
«The New York Times» թերթը, «Известия»– ի փոխանցմամբ, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Նեթանյահուի զրույցից հետո Իսրայելը մտափոխվել է Իրանին պատասխան հարված հասցնելու հարցում: CNN հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Իսրայելը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Իրանի հարձակմանն արձագանքելու վերաբերյալ: Ըստ հրապարակման, Իսրայելի ռազմական ղեկավարության առջև ընտրություն է դրված՝ կամ հզոր պատասխան հարված հասցնել, կամ ավելի կշռադատված որոշում կայացնել։
Եթե հավատանք ամերիկյան լրատվամիջոցներին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կենտրոնացած է հակամարտության լուծման դիվանագիտական ուղի գտնելու վրա և ձգտում է Իսրայելին հետ պահել պատասխան լայն գործողություններից, միաժամանակ զսպելով Իրանին (դա տեղի է ունենում ԱՄՆ դաշնակիցների հետ համակարգմամբ): Ըստ այդմ, Վաշինգտոնը պնդում է, որ հրեական պետությունը ոչինչ չանի, որը կարող է հանգեցնել հետագա էսկալացիայի։ Ընդ որում, CNN հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Բայդենը Նաթանյահուի հետ զրույցում հասկացրել է, որ ԱՄՆ-ը չի ծրագրում մասնակցել Իրանի դեմ Իսրայելի հարձակողական գործողություններին:
Այսպիսով Բայդենը կամ դերասանություն է անում, որպեսզի Իսրայել- իրան, իսկ հետո տարածաշրջանային ավելի մեծ պատերազմի բռնկման դեպքում ԱՄՆ- ը դրա մեղսակից չհամարվի՝ ասելով, որ մենք դեմ էինք Իսրայելի հարձակմանը, կամ իսկապես անկեղծ է, սակայն անկեղծ է ոչ թե հանուն Իրանի, նրա ժողովրդի կամ հանուն խաղաղության, այլ որպեսզի Մերձավոր Արևելքում իր և իր դաշնակիցների համար պատերազմի երկրորդ ճակատ չբացվի:
Ինքնին հասկանալի է, որ հնարավոր պատերազմին ԱՄՆ- ի թեկուզ անուղղակի ներգրավվածությունը կպահանջի Իսրայելին բազմամիլիարդ դոլարների սպառազինության, ինչպես նաև մեծաթիվ ռազմական մասնագետների տրամադրում, հետախուզական միջոցների կենտրոնացում նաև այդ ուղղությամբ, ինչը կխանգարի ՌԴ- ին ռազմավարական պարտության մատնելու Միացյալ Նահանգների ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքի նպատակի իրագործմանը:
Միաժամանակ հարկ է նկատել, որ եթե Նաթանյահուն ենթարկվի Բայդենի հորդորին կամ պահանջին, ապա դա կլինի Իսրայելի պարտությունը թե՛ քաղաքական առումով, թե՛ ռազմական ու տնտեսական, ինչն Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կարծում ենք, գիտակցում է:
Եթե զուտ ռազմական տեսանկյունից դիտարկենք կատարվածը, ապա հարձակման հետևանքով Իսրայելն ունի 1 զոհ, 31 տուժած. ինչպես նաև որոշակի վնասներ իր տարածքում, մասնավորապես, հարվածի է ենթարկվել հարավում գտնվող «Նևատիմ» ավիաբազան, որտեղ Իրանի հիպերձայնային հրթիռի հարվածից հետո բռնկվել է հրդեհ (մանրամասները չեն հաղորդվում): Տեղեկություններ կան նաև հարձակման արդյունքում իսրայելական երկու ռազմական օբյեկտների ոչնչացման մասին: Տնտեսական տեսանկյունից՝ Իրանի և նրա դաշնակիցների հարձակման հետմղումը Իսրայելին 1- 1,3 մլրդ դոլար է արժեցել , ինչը գերազանցում է հարձակման համար գործադրված միջոցների արժեքին:
Ընդգծենք, որ Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին Իսրայելի հարվածի նպատակն Իրանին իր և իր դաշնակիցների հետ պատերազմի մեջ ներքաշելը և Իրանի հարցերը մեկընդմիշտ լուծելն է: Իսրայելը շտապում է՝ նկատի ունենալով, որ Իրանը գնալով ուժեղանում է, իսկ իր դաշնակից Միացյալ Նահանգները ՌԴ- ի հետ հակամարտությունում թուլանում: Բայդենի պահանջին ենթարկվելու դեպքում, եթե իսկապես եղել է այդ պահանջը, Իսրայելը ստիպված է լինելու ջուրը գցել իր այդ նախաձեռնությունը, հրաժարվել վերոնշյալ նպատակից:
Հիմա ամբողջ խնդիրն այն է, թե Իսրայելը կհամակերպվի՞ իր պարտությանը, թե՞, չնայած Բայդենին Նաթանյահուի տված խոստմանը, հրթիռներով, ռումբերով և ԱԹՍ- ներով կհարվածի Իրանին: Իսրայելի պատասխանի հավանական տարբերակներից մեկն Իրանի միջուկային օբյեկտներում ահաբեկչության, խափանարարության կազմակերպումն է՝ պայթեցումներ, հրդեհներ, ցենտրիֆուգների ծրագրային խափանումներ:
«Մենք չափազանց մտահոգված ենք տարածաշրջանում լարվածության սրմամբ, տարածաշրջանի բոլոր երկրներին զսպվածության կոչ ենք անում,- «РИА Новости»– ի տեղեկացմամբ, այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:- Հետագա էսկալացիան ոչ մեկի շահերից չի բխում։ Այդ պատճառով, իհարկե, մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ բոլոր տարաձայնությունները լուծվեն բացառապես քաղաքական- դիվանագիտական մեթոդներով»:
Քիչ առաջ «Коммерсантъ»– ի հրապարակումից հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի նախագահ Ցախի Հանեգբիի հետ: ՌԴ Անվտանգության խորհրդի հաղորդագրության համաձայն՝ Հանեգբիի հետ զրույցում Պատրուշևն ընդգծել է, որ Ռուսաստանը կողմ է տարաձայնությունների կարգավորմանը «բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով»: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև հայտարարել է «զսպվածություն ցուցաբերելու» անհրաժեշտության մասին, որպեսզի թույլ չտրվի հակամարտության հետագա էսկալացիա: Իսրայելական կողմը չի հայտնել Հանեգբիի և Պատրուշևի հեռախոսազրույցի մասին:
Իսրայելի վարչապետը բանակին հանձնարարել է Իրանի զանգվածային հարձակմանը պատասխանելու համար թիրախների տարբերակներ ներկայացնել, որոնց վրա հարձակումներն «ազդանշան կուղարկեն», բայց զոհերի չեն հանգեցնի. այս մասին այսօր, РБК- ի փոխանցմամբ, հայտնել է «The Washington Post» (WP) թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին: Թերթի զրուցակցի խոսքով՝ այդ տարբերակները ներառում են Թեհրանում օբյեկտին հնարավոր հարված կամ կիբերհարձակում:
«Բոլորը համաձայն են, որ Իսրայելը պետք է պատասխան տա,- ասել է WP-ի զրուցակիցը։ Հարցը միայն այն է, թե ինչպես պետք է արձագանքել և երբ»:
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութեր՝