Աշխարհը համակ ուշադրությամբ հետևում է Իրանին հարվածելու վերաբերյալ Իսրայելի հայտարարություններին (տեսանյութեր)

Եթե սկսվեց Իսրայել- Իրան պատերազմը. այն կդառնա տարածաշրջանային

 

Աշխարհը համակ ուշադրությամբ հետևում է Մերձավոր Արևելքի հետ կապված զարգացումներին. գլխավոր հարցը՝ կհարվածի՞, արդյոք, Իսրայելն Իրանին, ինչն անկասկած կհանգեցնի Իրանի նոր և ավելի հզոր պատասխան հարվածի և, որպես այս ամենի շարունակություն, Իսրայելի և Իրանի միջև լայնածավալ պատերազմի, ավելին՝ տարածաշրջանային մեծ պատերազմի:

Իսրայելի սիոնիստական վարչակարգի սադրանքին և ապրիլի 12- ի դրությամբ հաջորդած հիմնական իրադարձությունների մի մասին արդեն անդրադարձել ենք ապրիլի 11- ի և 12- ի մեր «Ադրբեջանի հարձակման կամ մեծ պատերազմի ժամանակը» և «Ադրբեջանի հարձակման կամ մեծ պատերազմի ժամանակը. 2» ( հրապարակումներով: Ինչ կատարվեց դրանից հետո…

Իրանն, ի պատասխան Իսրայելի կողմից ապրիլի 1- ին Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի ավերման, իրանցի բարձրաստիճան զինվորականների սպանության և իր նկատմամբ Իսրայելի սիոնիստական վարչակարգի այլ հանցագործությունների, ապրիլի 13- ի, լույս 14- ի գիշերը. ըստ Իսրայելական բանակի (ՑԱՀԱԼ) պաշտոնական տվյալների, շուրջ 170 ԱԹՍ- ի, ավելի քան 30 թևավոր հրթիռի և ավելի քան 120 բալիստիկ հրթիռի կիրառմամբ հարձակվել է  Իսրայելի վրա: Այլ աղբյուրների համաձայն՝ 185 ԱԹՍ, 36 թևավոր հրթիռ և «երկիր-երկիր» դասի 110 բալիստիկ հրթիռ: Հարձակման 3 ալիք է եղել, որոնք, ընդհանուր առմամբ, տևել են մոտ 5 ժամ:

Իրանը հարվածային ԱԹՍ- ներով հարձակվել է նաև Պաղեստինում իսրայելական օբյեկտների վրա: Իսրայելի, ԱՄՆ- ի, Մեծ Բրիտանիայի, Հորդանանի հակաօդային ու հակահրթիռային միջոցները և կործանիչ ավիացիան կարողացել են խոցել իրանական ԱԹՍ- ների և հրթիռների հիմնական մասը, բայց ոչ բոլորը: Բացի Իրանից ԱԹՍ- ների և հրթիռների վերոնշյալ արձակումներից, Իսրայելի ուղղությամբ դրանք արձակվել են նաև Իրաքից, Եմենից և Սիրիայից: Լիբանանից «Հըզբոլահ»- ի ջոկատների կողմից արձակվել է մինչև 55 հրթիռ։

Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, ТАСС- ի փոխանցմամբ, X-ում (նախկինում՝ Twitter) ավելի վաղ գրել էր, որ «չար վարչակարգը կպատժվի», Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն նշել էր, որ Թեհրանի հարվածները ինքնապաշտպանություն կլինեն, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) դրանք անվանել էր Իսրայելի «բազմաթիվ հանցագործությունների» պատասխան:

Իրանի Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի ղեկավար և ԻՀՊԿ նախկին հրամանատար, գեներալ Մոհսեն Ռեզային Իսրայելին նախազգուշացրել է չշարունակել էսկալացիան և սպառնացել, որ պատասխանը «կհանգեցնի հրեական պետության գոյության ավարտին»: ԻՀՊԿ գործող հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին խոստացել է կոշտ պատասխան տալ Իսրայելի հետագա «ցանկացած ագրեսիային»: ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը տեղի ունեցողն անվանել Է Թեհրանի և Թել Ավիվի հակամարտություն և  Վաշինգտոնին կոչ է արել «հեռու մնալ»:

Պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիյանին սպառնացել է «վճռական պատասխան» տալ նրանց, ովքեր Իսրայելին կտրամադրեն իրենց տարածքը կամ օդային տարածքը Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու համար, ինչը, ըստ «Fars» գործակալության, կարող է վերաբերել Հորդանանին:

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ապրիլի 14-ին հայտարարել է, որ Իսրայելին հասցված հարվածը սահմանափակ բնույթ է կրել: Նա նշել է, որ Թեհրանը չի հարձակվել քաղաքացիական անձանց վրա, ինչպես նաև սպառնացել է հարվածել տարածաշրջանում ԱՄՆ- ի բազաներին, եթե Վաշինգտոնն օգնի Իսրայելին: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտնել է, որ հարձակումը պետության ինքնապաշտպանության իրավունքն է:

Իրանի հարվածներից քիչ առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ հրեական պետությունը պատրաստ է «իրադարձությունների ցանկացած զարգացման», ինչպես նաև «սառնասրտորեն և վճռականորեն կհարվածի նրան, ով կհարվածի իրեն»: «The Sun» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, պնդել է ր, որ ՑԱՀԱԼ-ի թիրախը կարող են դառնալ Իրանի միջուկային օբյեկտները: Իրանի հարվածներից հետո Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ հարձակումը դարձել է պատերազմի հայտարարում: Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները «Ynet»- ին ասել են, որ Իրանի հարվածին «զգալի և հզոր պատասխան կլինի»:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ հակամարտության սրումը կարող է հանգեցնել նոր և սուր մերձավորարևելյան ճգնաժամի: Նոր էսկալացիայի առնչությամբ անհանգստություն են արտահայտել նաև Չինաստանի և Հնդկաստանի ԱԳՆ-ները։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Մոհամմադ Բաղերին հստակեցրել է, որ Թեհրանն ավարտել է Իսրայելի դեմ «ճշմարիտ խոստում» գործողությունը, սակայն զգուշացրել է, որ կշարունակի գործել Թել Ավիվի կողմից էսկալացիայի դեպքում:

ТАСС- ի փոխանցմամբ, «The Wall Street Journal» թերթը երեկ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, թե Իսրայելն առաջիկայում կարող է գործողություններ ձեռնարկել՝ ի պատասխան Իսրայելի ռազմական օբյեկտներին Իրանի հարվածների: Պարբերականը չի նշել որոշակի օրը, թե Իսրայելը երբ կպատասխանի հարձակմանը։ Թերթի աղբյուրները նշել են, որ ԱՄՆ- ն չի մասնակցի Իսրայելի որևէ նման հարձակողական գործողության:

«The New York Times (NYT) թերթը նշել է, որ Իսրայելի ռազմական կաբինետի ապրիլի 14-ի նիստից հետո քննարկումների ընթացքին ծանոթ պաշտոնյան հաստատել է, որ հրեական պետությունն անկասկած կարձագանքի Իրանի հարձակմանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NYT-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին, Իսրայելն իր պատասխանը կհամակարգի դաշնակիցների հետ, սակայն պարբերականը չի հստակեցրել, թե որոշակի որ դաշնակիցնեևրի։

«Մենք իրանական սպառնալիքի դեմ տարածաշրջանային կոալիցիա կստեղծենք և նրանցից (Թեհրանից) գին կվերցնենք մեզ համար հարմար ժամանակ և հարմար ձևով»,- «РИА Новости»ի տեղեկացմամբ , երեկ հայտարարել է Իսրայելի ռազմական գործողությունների նեղ կաբինետում առանց պորտֆելի նախարար Բենի Գանցը:

Նախարարն ընդգծել է, որ «միջադեպը սպառված չէ» և հավելել, որ տարածաշրջանային համագործակցության և զսպման առկա համակարգը անհրաժեշտ է ամրապնդել «հենց հիմա»:

Իսրայելը կարող է կողմնորոշվել Իրանի հարձակմանը պատասխան միջոցների որոշակի տեսակի ընտրության հարցում արդեն ապրիլի 15-ին կամ առաջիկա օրերին. այս մասին, «Известия»- ի փոխանցմամբ, երեկ հայտնել է «ABC News» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։

«Իսրայելցի զինվորականներն Իսրայելի կառավարությանը ներկայացրել են Իրանի հարվածին պատասխանելու ընտրանքների լայն տիրույթ»,- այսօր վաղ առավոտյան Թել Ավիվում լրագրողներին հայտնել է ՑԱՀԱԼ- ի մամուլի քարտուղար, փոխգնդապետ Փիթեր Լերները: Նա հստակեցրել է, որ Իրանի հարձակմանն Իսրայելի պատասխան միջոցների ընտրանքների շարքում կա նաև պատասխան հարված չհասցնելը:

Իսրայելն, ի պատասխան հարձակման, կարող է փորձել խաթարել Իրանի տնտեսությունը. այս մասին, «Lenta.Ru»- ի փոխանցմամբ, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին: Իրանի առաջնորդի խոսքով՝ երկիրը պատրաստ է իրադարձությունների նման զարգացմանը։ Ռաիսին ընդգծել է, որ Թեհրանը ժամանակին միջոցներ կձեռնարկի տնտեսության կայունությանն աջակցելու համար: Իսրայելին հասցված հարվածն Իրանի նախագահն անվանել է «հզոր, պատմական և հաղթական գործողություն»: Նա հավելել է, որ այս պահին հանրապետությունը գտնվում է սեփական հզորության գագաթնակետին։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութեր՝ https://www.youtube.com/watch?v=6qDZyuNr9eM https://www.youtube.com/watch?v=u-E33pi-HMY