Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են Իրանի հյուպատոսությանն Իսրայելի հարվածը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Սիրիայում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի հասցրած հարվածը, կրկին դատապարտել այն և նշել, որ դիվանագիտական օբյեկտների նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է:

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ–ի կայքը, զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: Ռուսական կողմից կրկին շեշտվել է ապրիլի 1-ին Դամասկոսում իրանական հյուպատոսական ներկայացուցչության ուղղությամբ իրականացված իսրայելական ավիահարվածի վճռական դատապարտումը:

«Շեշտվել է, որ կտրականապես անընդունելի է դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտների նկատմամբ ցանկացած ոտնձգություն (որոնց անձեռնմխելիությունը երաշխավորվում է Վիեննայի համապատասխան կոնվենցիաներով), ինչպես նաև քաղաքական սպանությունները», – ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ նախարարներն ընդգծել են տրամադրվածությունը միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համակարգման բարձր մակարդակի պահպանման հարցում:

Ընդգծվել է երկու կողմերի շահագրգռվածությունը քաղաքական-դիվանագիտական համագործակցության, ինչպես նաև առևտրատնտեսական փոխգործակցության հետևողական ընդլայնման հարցում, այդ թվում ՝ տրանսպորտային–լոգիստիկ ոլորտում, ներառյալ տարանցիկ փոխադրումները: