Գազայի խնդիրը պաղեստինյան ժողովրդի շարունակական պայքարի և դիմադրության խորհրդանիշն է. Մեհդի Սոբհանի

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կազմակերպվեց քննարկում՝ նվիրված Պաղեստինում, մասնավորապես Գազայի հատվածում տիրող իրավիճակին:

Քննարկմանը ներկա էին ՀՀ-ում Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Բրազիլիայի, Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև իրանագետներ, փորձագետներ, քաղաքագետներ ու վերլուծաբաններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին իր խոսքում նշեց, որ քննարկման բուն թեման վերաբերում է մի խորը վերքի, որն ավելի քան յոթանասունհինգ տարի ցավ է պատճառում առաջադեմ մարդկությանը և մասնավորապես իսլամական աշխարհին:

«Պաղեստինն առանձին վերցրած ժողովրդի կամ ազգի խնդիր չէ, այն մի կողմից միջազգային իրավունքի ճնշման ու անտեսման, միջազգային կազմակերպությունների անարդյունավետ աշխատանքի նշան է, մյուս կողմից մարկանց հիմնարար իրավունքների պաշտպանությանը միտված պաղեստինյան ժողովրդի շարունակական պայքարի և դիմադրության խորհրդանիշն է: 1948 թվականից ի վեր պաղեստինցիների սերունդները տեղահանվել են ու սփռվել աշխարհի տարբեր կողմերում: Նրանց ժառանգությունը ոչ այլ ինչ է, քան տառապանք, տեղահանում, խոշտանգում և նահատակություն»,- ասաց Սոբհանին:

Դեսպանի խոսքով՝ տասնամյակներ շարունակ Պաղեստինի ճնշված ժողովրդի հողերի յուրացումը և նրանց պատմական ու քաղաքակրթական ինքնությունը փոխելուն ուղղված նպատակային ջանքերն աստիճանաբար կործանարար արդյունքներ բերեցին համաշխարհային խաղաղության, անվտանգության և մարդկության համար:

«Արևմուտքի երկակի քաղաքականությունը Պաղեստինի ժողովրդի հանդեպ այլ ելք չի թողել, քան դիմակայել օկուպացիային, ագրեսիային, յուրացմանը, բացահայտ ճնշումներին ու կոտորածին: Այս ողբերգությունները դեռ շարունակվում են ամենավատ դրսևորումներով, և մենք այսօր ականատես ենք լինում, թե ինչպես են ամբողջ աշխարհի աչքերի առաջ Գազայի անպաշտպան մարդկանց ենթարկում կոտորածի: Եթե որևէ մեկը կարող է լռել Գազայի աղետալի ցեղասպան պայմանների մասին, ուրեմն նա ոչինչ չգիտի մարդկայնության մասին: Ի՞նչ արդարացում կարող է ունենալ դպրոցների, հիվանդանոցների, անմեղ մարդկանց բնակարանների ռմբակոծումը: Գազայում այս ժամանակահատվածում սպանված երեխաների թվաքանակը ավելին է, քան Աֆղանստանում և Իրաքում մի քանի տարվա պատերազմի ու արյունահեղության ընթացքում զոհված երեխաների թվաքանակը: Պատերազմի վեց ամիսների ընթացքում սիոնիստական ռեժիմն այդ տարածքում իրականացրել է հանցագործության ու զանգվածային սպանության 2675 գործողություն, որոնց արդյունքում 37534 մարդ նահատակվել կամ անհետ կորել է, 75298 մարդ վիրավորվել»,- նշեց Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը:

Սոբհանին տեղեկացրեց, որ զոհվածներից 13430-ը երեխաներ են, 8900-ը կանայք, 634-ը բուժաշխատողներ, իսկ 132-ը լրագրողներ են: Ներկայումս 17000 պաղեստինցի երեխաներ կորցրել են ծնողներից մեկին կամ երկուսին: Տեղահանության պատճառով Գազայի բնակիչներից 700000 մարդ տառապում է վարակիչ հիվանդություններով:

«Գազայի դեմ սիոնիստական ռեժիմի հարձակման հետևանքով շուրջ երկու միլիոն մարդ տեղահանվել է: Տեղի մզկիթներից 217-ն ամբողջությամբ ավերվել են, իսկ 284-ը ենթարկվել մասնակի ավերածության: 200 հնագույն մշակութային կոթողներ ոչնչացվել են իսրայելցի զինվորականների կողմից: Սիոնիստական ռեժիմի թիրախում են հայտնվել նաև երեք եկեղեցիներ: Հարձակումների ժամանակ ամբողջապես ավերվել են 70000 բնակելի շենքեր: Մինչ այժմ ավելի քան 70000 տոննա պայթուցիկ նյութեր է կիրառվել Գազայի բնակչության դեմ: Այս ընթացքում շարքից դուրս է եկել 32 հիվանդանոց, 53 առողջապահական կենտրոն դադարեցրել է աշխատանքը, թիրախավորվել են 355 առողջապահական հաստատություններ ու շտապօգնության մեքենաներ»,- մանրամասնեց դիվանագետը:

Սոբհանիի բնութագրմամբ՝ Գազայի խնդիրը լոկ ՀԱՄԱՍ-ի խնդիրը չէ, այն Պաղեստինի էությունն է և արտահայտում է յոթանասունհինգ տարի շարունակ Իսրայելի ճնշումների տակ գտնվող ժողովրդի տառապանքն ու ցավը: Գազան, ըստ նրա, մեկ ամբողջության մի մասն է:

Դեսպանը հավելեց, որ այսօր փորձ է արվում ապակայունացնել իրավիճակը նաև կովկասյան տարածաշրջանում, և այդ հանգամանքը դառնում է ակնհայտ, եթե ուսումնասիրության առարկա դառնան, մասնավորապես, Հարավային Կովկասում առկա անկայունության գործոնները:

«Իսրայելը զենք մատակարարելով այս տարածաշրջանին՝ ամրապնդել է միլիտարիզմն ու հրահրել պատերազմ, քանի որ ապակայունությունը մեր տարածաշրջանում ապահովում է ոչ լեգիտիմ շահերի սպասարկումը: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը Պաղեստինի իղձերի իրականացման, ինչպես նաև ազգերի օրինական իրավունքների ու երկրների, այդ թվում բարեկամ Հայաստանի, տարածքային ամբողջականությանն աջակցելու գործում»,- եզրափակեց Մեհդի Սոբհանին:

Իսկ ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանն իր խոսքում նշեց, որ Սիրիան վերահաստատում է լիակատար աջակցությունը Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և անկախ պետություն ստեղծելու, ինչպես նաև օկուպացիոն կազմակերպությանը պատասխանատվության ենթարկելու իր հանցագործությունների և ջարդերի համար:

«Անցել է ավելի քան վեց ամիս, մինչ աշխարհը ականատես է լինում իսրայելական օկուպացիայի կողմից պաղեստինյան ժողովրդի դեմ իրականացվող ռազմական հանցագործություններին և զանգվածային ցեղասպանությանը։ Սիրիան վերահաստատում է իր կոչը միջազգային հանրությանը` ստիպելու Իսրայելին դադարեցնել պաղեստինցիների դեմ իրականացված մարդկային ցեղասպանությունը և պատասխանատվության ենթարկել Իսրայելի առաջնորդներին խաղաղ բնակիչների և նրանց օբյեկտների ու ունեցվածքի թիրախավորման հետևանքով առաջացած աղետալի հետևանքների համար»,- ասաց Արիսյանը:

Ինչ վերաբերում է Դամասկոսում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության դեմ իրականացված հարձակմանը, Արիսյանը նշեց, որ Սիրիան դատապարտում է իսրայելական կողմին այդ ահաբեկչական ագրեսիայի համար, ինչի արդյունքում թիրախավորեց Իրանի հյուպատոսության շենքը, և եղան նաև զոհեր։

«Մենք հաստատում ենք, որ տեղի ունեցածը չի ազդի մարդկանց և տարածաշրջանի երկրների կամքի վրա՝ ամրապնդելու իրենց ինքնիշխանությունն ու վերականգնելու իրենց իրավունքները»,- եզրափակեց ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանը։