Մորատինոսը Բաքվին հիշեցրել է կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտության մասին

ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսը Բաքվին հիշեցրել է կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտության մասին։

«Խնդիրներ և հակամարտություններ լինում են, բայց մենք պետք է միասին կերտենք մեր ապագան»,- ասել է Մորատինոսը՝ Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվող «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի իր ելույթում:

Մորատինոսը նշել է, որ միջկրոնական երկխոսությունը պետք է դառնա քաղաքականության հիմնական բաղադրիչներից մեկը։ Նա շեշտել է, որ կրոնական առաջնորդները պետք է հավաքվեն ու ելքեր փնտրեն ոչ թե պատերազմներից ու հակամարտություններից հետո, այլ՝ նախօրոք։ Իր ելույթում Միգել Անխել Մորատինոսը ընդգծել է, որ անհրաժեշտ է կրոնական պաշտամունքի վայրերի քարտեզ կազմել, այդ վայրերը պետք է պաշտպանված լինեն:

Մորատինոսի կոչը շատ կարևոր է. Ադրբեջանի իշխանությունները չեն թաքցնում, որ ընտրել են բռնազավթված Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ուղին։