Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը

Այսօր Տավուշի մարզում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է տարվել 30 անձ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո բոլորն ազատ են արձակվել։ Մամուլում հրապարակումներ են եղել, թե իբր ոստիկանության բաժին տանելիս նշված անձանց ծեծի են ենթարկել։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

ՆԳ նախարարությունը հորդորում է չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ», – նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը 6:00-ի շրջանում Ոստիկանության կողմից ապօրինի բռնի ուժ է կիրառվել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակ պահող և Կիրանցի հատվածում այսպես կոչված «ականազերծման աշխատանքներին» խոչընդոտող կիրանցեցիների նկատմամբ։

Անհամաչափ ուժի կիրառմամբ Ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկվել շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ։

Բերման ենթարկվածների թվում եղել են նաև անչափահասներ։