Արխիվը գաղտնազերծել է 1992 թվականին Ռուսաստանի մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունները

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Մանֆրեդ Վերները 1992 թվականին հայտարարել է, որ դաշինքը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցմամբ, ինչպես նաեւ երկրում կայունությամբ, քանի որ դա կհամապատասխանի ինչպես Եվրոպայի, այնպես էլ մնացած աշխարհի շահերին: Այդ մասին վկայում են ՆԱՏՕ-ի 75-ամյակի կապակցությամբ հինգշաբթի գաղտնազերծված Վաշինգտոնի Ազգային անվտանգության արխիվի փաստաթղթերը:

«Մեզ Ռուսաստանի հետ կապում է շատ հզոր ընդհանուր շահ, ավելի ճիշտ՝ մի քանի ընդհանուր շահեր։ Ես կարծում եմ, որ մենք ամուր հիմք ունենք ձեր երկրի հետ հարաբերություններ կառուցելու համար։ Հենց հիմա մենք զուգահեռաբար անցկացնում ենք ինչպես ֆորմալ, այնպես էլ մասնավոր բանակցություններ։ Այո, մենք ցանկանում ենք հասնել այս ամենին մեր հարաբերություններում», – հայտարարել է Վերները 1992 թվականի փետրվարին Ռուսաստանի Գերագույն խորհրդի նախագահ Ռուսլան Խասբուլատովի հետ հանդիպմանը:

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն ընդգծել էր, որ դաշինքը շահագրգռված է Ռուսաստանում կայունությամբ, քանի որ այն «շատ դրական» գործոն է ինչպես Եվրոպայի, այնպես էլ մնացած աշխարհի համար: «Հետևաբար, ձեր հաջողությունը բոլոր ոլորտներում նաև մեր հաջողությունն է», – ասել է Վերները։

Քաղաքական գործիչը նաև հույս էր հայտնում, որ Եվրոպայում հարաբերությունները կկառուցվեն նոր ձևաչափով, որը ենթադրում է «ավելի քիչ զենք, ավելի քիչ զինվորներ և կայուն ապագա»: Վերները հավելել է, որ, իր տեսանկյունից, նման հարցադրումը բխում էր հենց Ռուսաստանի շահերից։

 

Աղբյուր` Փաստինֆո