Ծաղիկների, կոսմետիկայի, զարդեղենի վաճառք, շինարարություն․ՊԵԿ-ն առանձնացրել է ռիսկային ոլորտները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին իրականացրել է 4,900 ՀԴՄ ստուգում, որը 20 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին:

Ստուգումների արդյունքում արձանագրվել է շուրջ 1,900 խախտում, որը 31 տոկոսով  ավելի է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը նշեց, որ  ստուգումների արդյունքում տնտեսվարողներին առաջադրված պատասխանատվության միջոցը կազմել է շուրջ 690 մլն դրամ:

«Նախորդ տարին համարեցինք վարչարարության բարելավման տարի։ Այս տարին սկսել ենք նույն ոգով, պատկերը ցույց է տալիս, որ լայնածավալ հսկողություն ենք իրականացում, որ հասնենք մեր նպատակին, այն է՝ ստվերի կրճատմանը, ինչն էլ իր հերթին կբերի պետական եկամուտների ավելացմանը։ Վարչարարությունից զատ, նաև տեսնում ենք, որ փոխվում է տնտեսվարողների վարքագիծը։ Առաջին եռամսյակում տպագրվել է 160 մլն հաշվարկային փաստաթուղթ՝ ներառյալ ՀԴՄ կտրոնները, որը 18 մլն-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Եթե գումարային ասեմ, ապա այս տարվա առաջին 3 ամիսներին շուրջ 470 մլրդ դրամով ավելի շրջանառություն է հայտարարագրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,-ասաց Արթուր Հակոբյանը՝ նշելով, որ ՀԴՄ կտրոնների չտրամադրման առնչությամբ առավել ռիսկային ոլորտներն են ծաղիկների, կոսմետիկայի, զարդեղենի վաճառքի շուկան, շինարարությունը։

ՊԵԿ-ի հարկային հսկողներն առաջին եռամսյակում գոհացուցիչ պատկեր են արձանագրել նաև զբաղվածության շուկայում։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում իրականացվել է 498 չգրանցված աշխատողների ստուգում, որը 26 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ստուգումների արդյունքում շուրջ 240 դեպքով արձանագրվել է խախտում։

«Ստուգումներով հայտնաբերվել են 483 չգրանցված աշխատողներ: Արդյունքում՝ առաջադրվել է շուրջ 120,8 մլն դրամ տուգանք: Այստեղ առավել ռիսկային են շինարարության, հանրային սննդի ոլորտները։ Ասեմ, որ աշխատաշուկայում մենք տնտեսվարողների մոտ տեսնում ենք վարքագծի փոփոխություն։ Ստուգումների արդյունքում աշխատողներն օրինական գրանցվում են, ու շատ քիչ դեպքեր են լինում, որ նույն ընկերությունում այս խախտումը կրկնվում է։ Մեկ ցուցանիշ ներկայացնեմ, այս տարվա փետրվարին մոտ 34 հազար հարկ վճարող է գրանցվել։ Իհարկե, չենք կարող ասել, որ ամբողջ 34 հազարը նոր աշխատատեղերին է վերաբերում, ակնհայտ է, որ դրա մի մասը միանշանակ ստվերի կրճատման արդյունք է»,-ասաց Արթուր Հակոբյանը։

ՊԵԿ-ի ներկայացուցիչն ընդգծեց, որ այս հարցում իր արդյունքն է տալիս ինչպես վարչարարությունը, այնպես էլ աշխատող քաղաքացիների պահանջատիրությունը։ Քիչ չեն դեպքերը, որ հենց քաղաքացիներն են դիմում ՊԵԿ-ին՝ իրենց իրավունքները վերականգնելու համար։

Առաջին եռամսյակում ՊԵԿ-ն ուշադրության կենտրոնում է պահել անկանխիկ գործարքները։ Մասնավորապես, իրականացվել է 2,454 հսկիչ գնում, որի արդյունքում շուրջ 659 խախտում է արձանագրվել։

Պատասխանատվության միջոցը կազմել է շուրջ 213 մլն դրամ։