Իսրայելի լկտի գործողությունների շարունակականությունը անթույլատրելի անպատժելիության հետևանք է

Ապրիլի 3-ին Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող «Կովերի պարտեզ» կալվածքում Իսրայելի ոստիկանության դրսևորած ապօրինի վարքագիծը, որը միտված է հայերին բռնի կերպով դուրս մղման միջոցով գետնի վրա ստատուս քվոյի փոփոխությանը, ուղիղ հետևանք է վերջին շրջանում այդ երկրի կողմից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտման և դրա հետևանքով անպատժելիության։

Իսրայելում իշխող ծայրահեղ աջակողմյան կառավարությունը, դեմ գնալով անգամ առանցքային դաշնակից ԱՄՆ-ի շահերին, միջազգային, տարածաշրջանային ջանքերին, շարունակում է ցեղասպան գործողությունները Գազայի հատվածում, ընդհանուր տարածաշրջանի ապակայունացումը՝ Սիրիայում և Լիբանանում հրահրելով ուղիղ հակամարտություն նաև Իրանի դեմ։ Իսկ երկրի ներսում նման դատապարտելի գործելաոճը դրսևովում է իսրայելական հասարակության տարբեր շերտերի, տվյալ դեպքում՝ նաև իսրայելահայ համայնքի նկատմամբ բացահայտ ապօրինությունների իրականացման եղանակով։

Նման իրավիճակի վրա ազդելու՝ Հայաստանի համար երկու առարկայական մեխանիզմ կա՝ Իսրայելում գործող ՀՀ դեսպանության խողովակները, քանի որ նաև այսպիսի խնդիրների համար էր դեսպանության բացման հիմնավորումը՝ բավականին բարդ քաղաքական գործընթացների արդյունքում։

Մյուս ուղղությունն ԱՄՆ-ի աջակցությունն է՝ երկկողմ ամերիկա-իսրայելական բանակցությունների օրակարգում տվյալ խնդրի ներառմամբ։

Ավա՜ղ, միջազգային համակարգի խորքային ճգնաժամի պայմաններում գրառումը չեմ ծանրաբեռնում տարբեր իրավասու միջազգային կազմակերպություններ թվարկելով։

 

Տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյան