Ալիևը շատ լավ հասկանում է, որ ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված է Ռուսաստանի և Իրանի դեմ

Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի մասին

Եթե կարճ նկարագրենք ԱՄՆ Պետքարտուղարի և Ադրբեջանի նախագահի երեկվա հեռախոսազրույցը, ապա դա նրա մասին է, որ Բլինքենն Ալիևին հավաստիացրել է, որ ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում նախատեսված հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։

Սակայն առանց այդ զանգի էլ բոլորի համար պարզ էր, որ Արևմուտքը չի կարող և չի լինելու Հայաստանի դաշնակիցն ընդդեմ Ադրբեջանի:

Դա շատ լավ հասկանում է նաև Ալիևը, որի «մտահոգությունն» ամենևին էլ պայմանավորված չէ այն հանգամանքով, որ ապրիլի 5-ից հետո «ուժեղացած» Հայաստանը մարտահրավեր է ստեղծելու Ադրբեջանի համար: Նման պատրանքներով կարող են միայն մեր պսևդոարևմտամետներն ապրել:

Ալիևը շատ լավ հասկանում է, որ ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված է Ռուսաստանի և Իրանի դեմ, ուրեմն՝ նրա հիմնական «մտահոգությունն» այն է, թե ինչպես, մի կողմից, այդ փաստը «վաճառի» Մոսկվայի և Թեհրանի վրա, մյուս կողմից՝ Վաշինգտոնում կապիտալիզացնի իր աճող դերակատարությունը, մանավանդ այն պարագայում, երբ Իրանի շուրջ օղակը սեղմվում է:

Քաղաքագետ  Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից