«Հայաստան. Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք»․ ինչ են պատգամել մեր մեծերը՝ Հովհաննես Թումանյան, Կոմիտաս Վարդապետ, Անդրանիկ Օզանյան

Մարշալ Բաղրամյանի անվան Վետերանների միությունում օրերս կայացավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանի «Հայաստան. Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» գրքի շնորհանդեսը, որում ներկայացված է հայ ժողովրդի ճակատագրում Ռուսաստանի և արևմտյան տերությունների ունեցած դերը մեզ համար վճռական պատմական ժամանականերում։ Գրքի համահեղինակը պրոֆեսորի թոռն է՝ Դավիթ Պետրոսյանը: Գրքում հեղինակները անդրադարձել են հայ մեծերի վերլուծություններին, դիտարկումներին, արձանագրումներին Հայաստանի գոյության հարցում տարբեր տերությունների կատարած քայլերի հետ կապված։ Ո՞վ է եղել մեր իրական բարեկամը և ո՞վ է չարակամորեն բարեկամ ու սրտակից ընկեր ներկայանալով փորձել վերջ տալ հայի ու իր հայրենիքի գոյությանը՝ համագործակցելով մեր դարավոր թշնամիների հետ։ Հեղինակները այդպիսով հորդորում են չմոռանալ պատմության դասերը և այսօր՝ պատմական այս կարևոր ժամանակահատվածում, երբ մեր գոյության հարցն է խաղաթղթին դրված, ճիշտ որոշումներ կայացնել։ Ըստ էության գրքի հասցեատերերը հեղինակների բնորոշմամբ «հայ ժողովրդի պատմական ճակատագրում Ռուսաստանի ունեցած դրական դերն այսօր ժխտողներն են՝ նրանք, ովքեր կարծում են, թե «սա 20-րդ դարի սկիզբը չէ, սա 21-րդ դարն է բոլորովին այլ հնարավորություններով: Եվ դերակատարներն են փոխված՝ թե՛ ռեգիոնալ, թե՛ արտառեգիոնալ, և խնդիրներն են փոխված»։ Հեղինակները հիշեցնում են հայ ժողովրդի մեծագույն զավակների՝ Հովհաննես Թումանյանի, Կոմիտաս Վարդապետի և Ժողովրդական հերոս Անդրանիկ Օզանյանի պատգամները: Հայ ժողովրդի այս երեք նշանավոր զավակները` Անդրանիկը` զենքով, Թումանյանը` իր փիլիսոփայությամբ ու գրչով, գրական ու հասարակական գործունեությամբ, Կոմիտասը` ժողովրդական ստեղծագործության ակունքներից վերցրած ու աշխարհին ցույց տված իր երաժշտությամբ, մաքառել են հայի ու Հայաստանի գոյության համար: Նրանք, ելնելով մեր ժողովրդի պատմական անցյալի փորձից ու դասերից, հաստատապես հայ ժողովրդի անվտանգությունն ու ապագա գոյությունը լծորդել են Ռուսաստանի, ռուս ժողովրդի հետ սերտ բարեկամություն հաստատելու և ամրապնդելու հետ: Մասնավորապես Կոմիտասը լավ ուսումնասիրել էր եվրոպական խոշոր պետությունների քաղաքականությունը Հայկական հարցում և համոզվել դրանում թաքնված ցինիզմի ու եսասիրության մեջ, նա 1912 թ.-ին դեկտեմբերի 25-ին Փարիզում գտնվող Արշակ Չոպանյանին հղած նամակում զգուշացնում էր. «Չպետք է բաժանվենք, չպետք է խաբվինք Եվրոպայի զանազան խոստումնալից խաբկանքներին։ Եվրոպայում մարդկային գաղափարները որքան որ ընտիր են ու փափագելի, բայց մեզ անպետք են։ Պաղ երկրի բույսերը մեր ջերմ արևի տակ կկիզվեն»: Կոմիտասը մերժել է եվրոպական պետություններին ապավինելու մտայնությունը և հանճարեղ խորաթափանցությամբ կարևորել է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը:

«Մենք այժմ իսկապէս ռուսաց շահի առարկան ենք, մեր երկիրն արդեն որոշած է այսօր կամ վաղը ռուս պետության բաժին դառնալու: Ուրեմն պիտի ձգտինք մեզ ազատագրել երկու կերպ, թեպէտ երկուքի վերջակէտն էլ նոյնն է, տարբեր ուղիով միայն: Առաջինն է առավելագոյնը` ինքնուրիւն ու անկախ լինելով՝ իբր պատվար ցցվել ռուս դիվանագիտութեան առաջ և երկրորդը` նվազագոյնը` ապավինել Քեռի-Ռուսին եւ միաձույլ հայութիւն սահմանել»:

Կոմիտասը գտնում էր, որ այս երկու ուղիներն էլ նույնն են, բայց երկրորդը համարում էր «իրագործելի` շահերի նոյնութեան վերա հենվելով…»:

Արտահայտելով իր անհանգստությունն արևմտահայերի վերաբերյալ՝ Կոմիտասը շեշտում էր՝ «…Մեր փրկութիւնը կռել եւ կոփել ենք Փերպուկի (Պետերբուրգի – Վ.Պ.) պարիսպների դռներուն առջեւ. Այս էր պնդել ժամանակին Լոռիս Մելիքով` Գեւորգ Դ կաթողիկոսին զգուշացնելով (երբ սա ռուս-տաճկական պատերազմի ժամանակ, փրկութիւնը տեսնելով ու հուսալով տաճիկներեն, գրեթէ բացարձակապէս սպասելիս է եղել տաճիկներին Էջմիածնի մէջ)»:

Նկատի ունենալով, որ Հայկական հարցում եվրոպական պետությունները որեւէ շահագրգռություն չունեն և անտարբեր են հայության ճակատագրի նկատմամբ՝ Կոմիտասը հայության փրկության գործում կարևորել է Ռուսաստանի դերն ու նշանակությունը։ «Պէտք է նախ բոլոր հայերը խմբվեն մէկ տերութեան, մէկ օրենքի տակ, աճեն ու զարգանան բարոյապէս ու նիւթապես և ապա ժամանակն ինքն է, որ պիտի բերէ մեզ մեծ ազատութիւնը՝ շտապելով առաջինը չառած երկրորդ քայլի դիմելով, բոլորովին պիտի կորչինք. Տաճիկէն ոչ մի հոյս մի ունենաք, մի սպասեք…»:

«…Ըստ իս, առաջին քայլն է բոլոր հայութիւնն ամփոփել ռուսի իշխանութեան տակ, երկրորդ քայլն է տնտեսապէս ու բարոյապէս, զուտ ազգային, առանց օտարին ու մեզ անմարս գաղափարներով առաջնորդվելու` զարգանալ, երրորդ քայլն արդեն ռուս հեղափոխութիւնն է, որ պիտի անէ, ոչ թե մենք, իսկ մենք օգտվելու ենք այդ քայլէն, սակայն պատրաստվելով՝ լեհերու պես զուտ ազգային շավիղը բնելով»:

Նույն կարծիքն է արտահայտել նաև ամենայն հայոց բանաստեղծը։ Հովհաննես Թումանյանը գրել է. «Հայկական հարցը վայրենի կոտորածների և կեղեքումների հարց է: Հալածանքների ու գաղթականությունների հարց է: Նա գերազանցապես ֆիզիկական գոյության խնդիր է: Եվ նրա հաջողությունը միշտ կապված է եղել Ռուսաստանի հաջողության հետ: Ով վեր է կացել Ռուսաստանի հաջողության դեմ, վեր է կացել Հայկական հարցի հաջողության դեմ, և ով Ռուսաստանի դեմ պաշտպանել է Տաճկաստանին, նա մեղսակից է տաճկական գազանություններին ու Հայկական սարսափներին։ Նա պատասխանատու է հայ ժողովրդի ծով արյան ու մարդկության պատմության առաջ: Եվ տեղ չկա խուսափելու»:

Այս տողերն այսօր նույնքան արդիական են հնչում, որքան այն օրերին, երբ գրվել են։ Պատմաբանը փորձել է դրանով ուղղորդել մեզ և զերծ պահել նորից Արևմուտքին և Արևմուտքի սպասարկու Տաճկաստանին ապավինելու ճակատագրական քայլից։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Հովհաննես Թումանյանի գրած հետևյալ խոսքերն այսօր էլ ունեն արդիական հնչեղություն. «…Եվրոպական մեծ պետություններն աշխատել են ամեն կերպ առնել Ռուսաստանի ծավալման ու զորացման առաջը: Իրերի պատմական էս դասավորությունից ափաշկարա պարզ է, որ հայ ժողովուրդը պետք է լիներ ռուսի հետ եւ իր կյանքի, գույքի ու պատվի ապահովության հույսը պետք է կապեր Ռուսաստանի հաջողության հետ»։

Հատկանշական է, որ դաշնակցության գործիչներից մեկը` Սիմոն Վրացյանը, որը 1921 թ.-ի փետրվարին իր իշխանությունը պահելու նպատակով օգնության համար դիմել էր հայ ժողովրդի ոխերիմ թշնամիներ Մուստաֆա Քեմալին ու Կարաբեքիր փաշային, մեծ բանաստեղծի մասին գրել է. «Նա մոլի ռուսասեր էր` ցարական, դեմոկրատական, թե Բոլշեւիկյան լիներ Ռուսաստանը»: Այդպիսով հայ բանաստեղծին վարկաբեկելու և հայ ժողովրդին ապակողմնորոշելու նրա միտումը պատմությունը ցույց տվեց, թե ինչ հետևանք կարող էր ունենալ մեզ համար, ինչը պատմության հաջող ընթացքով չստացվեց, քանի որ մեր ճակատագիրն ակամա կապվեց ռուս ժողովրդի ու ռուսական իշխանության հետ։

Ժողովրդական հերոս Անդրանիկ Օզանյանը նույնպես հավատով էր լցված Ռուսաստանի, ռուս ժողովրդի նկատմամբ և բարձր էր գնահատում հայ ժողովրդի ճակատագրում Ռուսաստանի հետ ամուր դաշինքը:

1926 թ. Նոյեմբերի 28-ին Ֆրեզնոյում տեղի ունեցած Սովետական Հայաստանի 6-րդ տարեդարձին նվիրված հանդեսում Անդրանիկ Օզանյանը նշել է․«Հայ ժողովուրդը ընդմիշտ փրկված է շնորհիվ ազատասեր ռուս ժողովրդի, որը ծանր պահին ձեռք մեկնեց անկման եզրին կանգնած հայ ժողովրդին եւ փրկեց նրան: Այժմ բազմաչարչար եւ հալածված հայ ժողովուրդը ունի իր հայրենիքը: Թող հավերժ ապրի հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»:

Ժողովրդական հերոսն իր ելույթն ավարտում է՝ ասելով հետեւյալը. «Ունիմ միայն մէկ նպատակ՝ վերադառնալ ազատ Հայաստան, տեսնել իմ հարազատ ժողովրդին եւ ապա հանգիստ մեռնել»:

Գրքի հեղինակները եզրահանգում են՝ «Արևմտյան տերությունների ղեկավարներն առիթը բաց չեն թողել և արտահայտվել են հայ ժողովրդին թուրքական լծից ազատագրելու մասին: Բայց հենց որ ստեղծվել է իրենց խոստումը իրականացնելու հնարավորությունը, արեւմտյան տերությունները, մոռանալով իրենց խոստումները, պաշտպանել են Թուրքիային: Այդպես է եղել բոլոր ժամանակներում:

Ուստի, Հայկական հարցի ձախողման պատճառները պետք է փնտրել ոչ միայն Թուրքիայում, այլև Բեռլինում, Լոնդոնում, Փարիզում և Վաշինգտոնում:

Հայկական հարցն առաջացումից հետո մինչև այժմ ոչ մի առաջընթաց չի ունեցել: Այդ երկար ու ձիգ ժամանակաշրջանում Հայկական հարցի լուծման գործում որևէ դրական տեղաշարժ չի կատարվել՝ հենց արևմտյան տերությունների մեղքով:

Արևմտյան տերությունները Թուրքիայի հետ միասին պատասխանատու են՝ Հայկական հարցի լուծումը ձախողելու համար»: