Փաշինյանը TikTok-ում սկսում է զրույցների շարք՝ հպարտ քաղաքացիների հետ

«Այսօրվանից սկսում եմ շարք որոշակի պարբերականությամբ, որն անվանում եմ «Զրույցներ պետության մասին»,- TikTok-ի իր էջում  հրապարակած տեսանյութում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերնագրից արդեն ակնհայտ է, ինչ հարցերի է այն վերաբերելու, պարզապես ուզում եմ մի շարք մտքեր կիսել ձեզ հետ: Ընդհանրապես, պետությունները, եթե դասակարգենք մի քանի շերտի, հավակնություն չունենալով թվարկել բոլոր հնարավոր տարբերակները, լինում են միապետություն, ազնվապետություն, ժողովրդապետություն, որոնց առանցքային տարբերությունն այն է, թե ումից է բխում իշխանությունը: Միապետության դեպքում միապետից, ազնվապետության դեպքում վերնախավից, ժողովրապետության դեպքում ժողովրդից: Մենք ժողովրդապետություն ենք 1991 թվականի հանրաքվեի եւ նաեւ 2018-ի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության բերումով եւ պետք է արձանագրեմ, որ ժողովրդապետության առանցքային գործոններից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը, քաղաքացին է»: