Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագրին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան 2023-ինոյեմբերին հավանություն է տվել այդ համաձայնագրի տեքստին և այն ուղարկվել է ԵԱՏՄ երկրներ՝ ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր անցկացնելու համար։

Համաձայնագիրն ուղղված է միջազգային առևտրի ընթացակարգերի պարզեցմանը, Միության մաքսային սահմանով և երրորդ կողմերի մաքսային սահմաններով ապրանքների փոխադրումների իրականացման համար բարենպաստ պայմանների ապահովմանն ու անդրսահմանային մատակարարումների անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը։

Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովման կիրառում, անդամ պետությունների և երրորդ կողմի (երրորդ կողմերի) լիազորված տնտեսական օպերատորներին տրամադրվող առանձին հատուկ պարզեցումների կիրառում, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան Միության մաքսային տարածքով և երրորդ կողմի(երրորդ կողմերի) մաքսային տարածքով փոխադրվող ապրանքների ամբողջ ընթացուղում ապրանքների փոխադրումների հետագծման նպատակով նավիգացիոն կապարակնիքների կիրառում։

Ֆինանսների նախարարության գրությամբ  Համաձայնագրի ստորագրումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության, որը գնահատել հնարավոր չէ՝ ելնելով ծախսերի վերաբերյալ ելակետային տվյալների բացակայությունից: