Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, Եկեղեցու խնդիրներին

Մարտի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Հայցելով Նորին Սրբության օրհնությունը` խմբակցության անդամներն իրենց որդիական հավատարմություն ու զորակցությունը հայտնեցին Մայր Եկեղեցուն և Սուրբ Էջմիածնի առաքելությանը։

Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով ավագանու անդամներին, կարևորեց վերջիններիս բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են Վաղարշապատ համայնքի բնականոն կենսագործունեության ապահովմանը և առկա խնդիրների լուծմանը։ Հայոց Հովվապետը նաև գնահատանքով անդրադարձավ խմբակցության նախանձախնդրությանը հանդեպ Մայր Եկեղեցին և հոգևոր ու ազգային նվիրական արժեքները։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև Հայ Եկեղեցու առաքելության առավել արդյունավորման խնդիրներին։