«Կնիկ, էս տունն արդեն մերը չի»․ Աշոտ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի հարցի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, այսօր՝ մարտի 8-ին, Երևանի Գարեգին Նժդեհի 29 հասցեում գտնվող իրենց բնակարանում «Հեղափոխությունից-հեղափոխություն, գեղագիտությունից-գեղագիտություն» խորագրով ցուցահանդես է կազմակերպել:

«Այստեղ ես աշխատել եմ, դրա համար ցուցահանդեսն այստեղ եմ անում»,-ասել է Աշոտ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում:

Հարցին՝ ծնողներն այցելելո՞ւ են ցուցահանդես, նա պատասխանել է. «Ճիշտն ասած, չգիտեմ, այդպես հատուկ ոչ մեկին չեմ հրավիրել, որովհետև ցուցահանդեսը շատ արագ է ստացվել, հրավիրատոմսի տրամաբանությամբ չեմ անում: Տեղյակ են և կգան այն ժամանակ, երբ հարմար կլինի իրենց»:

Հարցին՝ ի՞նչ կմաղթի կանանց և աղջիկներն Մարտի 8-ի կապակցությամբ՝ Աշոտ Փաշինյանը պատասխանել է․ «Ես մաղթում եմ, որ կանայք առնվազն ի համեմատություն տղամարդկանց, իրավունքների խնդիր չունենան այս հասարակությունում, ավելորդ բարդություններ իրենց չհետապնդեն։ Նաև նուրբ բաներ՝ ծաղիկներ, ժպիտներ․․․»։

Փաշինյանների բնակարանում հավաքվածները փոխանցել են, որ բնակարանը, ի վերջո, հաջողվել է վաճառել։

Լրագրողների ճշտող հարցին՝ արդյոք բնակարանը վաճառվե՞լ է՝ Աշոտ Փաշինյանը թեև սկզբում դրական պատասխան է տվել, բայց հետո ինքն իրեն շտկել՝ ասելով, որ դա անձնական հարց է և ինքը չի ցանկանում պատասխանել։ Նա հիշեցրել է «Կարգին հաղորդման» հումորներից մեկը, երբ տանտերը կնոջն ասում է. «Կնիկ, էս տունն արդեն մերը չի»: