Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն չի ձգտում միասնական բանակ ստեղծել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ առայժմ իմաստ չունի Եվրամիության բանակ ստեղծելը, անհրաժեշտ է աշխատել դաշինքի անդամ յուրաքանչյուր երկրի ռազմական ուժերի միջև համախմբվածության վրա։ Հղում անելով POLITICO-ին՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պաշտպանությունը յուրաքանչյուր երկրի իրավասության խնդիրն է: Նպատակը ոչ թե ԵՄ բանակ ունենալն է, այլ 27 բանակների հետ միասին ավելի լավ աշխատելը», – ասել է Բորելը պարբերականին տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ ԵՄ անդամ երկրների շրջանում կա «հրատապության և պատասխանատվության նոր զգացում՝ ակտիվացնելու համատեղ աշխատանքը պաշտպանության բնագավառում»։

Ինչպես նշում է POLITICO-ն, տարիներ շարունակ Բեռլինը, Բուդապեշտը և Փարիզը կոչ են արել ստեղծել ԵՄ բանակ, բայց վերջին մի քանի ամիսների ընթացքում պաշտպանության հարցերի շուրջ եվրոպացի ղեկավարների քննարկումների ժամանակ այդ կոչերը հիմնականում դադարել են:

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Հաննա Նոյմանը, որը պաշտպանության հարցերով փորձագետ է, նման գաղափարներից հրաժարվելու պատճառ է համարել այն, որ ԵՄ-ն չի կարող անհրաժեշտ քանակությամբ զինամթերք արտադրել իրեն պաշտպանելու և դաշնակիցներին աջակցելու համար։