Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ապավինեն Ալմա-Աթայի հռչակագրին. Տոյվո Կլաար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կարելի է ավարտել արդեն այս տարի։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ նշելով, որ Եվրամիությունը ներգրավված է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման գործընթացում։

«Պետությունների ղեկավարները պետք է պատասխանատվություն ստանձնեն և ստորագրեն համաձայնագիրը։ Որպես մարդ, ով երկար տարիներ աշխատել է այս գործընթացի վրա, ես համոզված եմ, որ դրան կարելի է հասնել այս տարի։ Երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է հասնել համաձայնության, որն արդարացի կընկալվի բոլոր կողմերի կողմից։ Եվրոպայի վերջին հարյուր տարվա պատմությունը ցույց է տալիս հաղթողի կողմից պարտադրված խաղաղության փխրունությունը, ինչպես նաև հաշտեցման և ռազմական գործողությունների հաղթահարման նշանակալի առավելությունները», – ասել է եվրոպացի դիվանագետը:

Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի համատեքստում անհրաժեշտ է հենվել արդեն իսկ կնքված պայմանագրերի վրա, այդ թվում՝ սահմանների սահմանազատումը՝ հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների միջև սահմանազատման գծերի վրա՝ 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին. «Համաձայնագիրը պետք է ներառի սահմանի բացում՝ մարդկանց և ապրանքների տեղաշարժի համար, այդ թվում՝ հարավային Հայաստանի տարածքով, Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան»:

Կլաարը նշել է, որ Եվրամիությունը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի դերին, որը բացառիկ հնարավորություն ունի նպաստելու խաղաղությանը՝ բացելով սահմանները և վերականգնելով Հայաստանի հետ տրանսպորտային կապերը։ Նրա կարծիքով, խաղաղ կարգավորումը օգուտ կբերի ոչ միայն անմիջականորեն ներգրավված երկրներին, այլև ԵՄ երկրներին՝ ապահովելով Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի միջև տրանսպորտային միջանցքի հուսալիությունը։

«Նման քայլը Եվրամիությանը վստահություն կհաղորդի Եվրոպան Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ կապող տրանսպորտային միջանցքի անխափան աշխատանքի նկատմամբ։ Այս դեպքում ԵՄ-ը նաև կկարողանա Հայաստանից դուրս բերել քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը տեղակայվել էր՝ ցույց տալու համար ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանում»,- ընդգծել է Կլաարը։