Վերապատրաստում կիբերհանցագործությունների քննության հմտությունների զարգացման նպատակով

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունը շարունակում է կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների առանձին քննիչների բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների վարույթներով  և էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների շարքը։

Հերթական՝ թվով 13-րդ վերապատրաստման դասընթացն անցկացվել է ՀՀ արդարադատության ակադեմիայում։ Դասընթացը վարելու համար վարչության կողմից հրավիրվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Թյուրինգիայի երկրամասի քրեական հետախուզության պետական գրասենյակի ղեկավարն ու գրասենյակի 3 մասնագետներ, ինչպես նաև Եվրոպոլում Գերմանիայի Դաշնային Հանրապետության գրասենյակի պատասխանատուներ։

Երկօրյա դասընթացների թեման էր «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարը ՀՀ-ում և ԵՄ-ում։ Միջազգային համագործակցությունը անդրազգային հանցագործության դեմ պայքարի ոլորտում»։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա․Այվազյանը։

Նա շնորհակալություն է հայտնել հյուրերին իրենց հարուստ փորձով կիսվելու պատրաստակամության համար։

Արսեն Այվազյանը, կարևորելով քննիչների պարբերական վերապատրաստման գործընթացը, հույս հայտնեց, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու պետությունների և Եվրոպոլի միջև մասնագետների վերապատրաստմանն ուղղված միջոցառումները կկրեն շարունակական բնույթ՝ հաշվի առնելով այս բնույթի՝ դինամիկ զարգացում ապրող անդրազգային հանցագործությունների հակազդման ոլորտում համընդհանուր ջանքերի համատեղման, փորձի և տեղեկատվության փոխանակման կարևորությունը։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվիրակության և Եվրոպոլի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին շարունակելու տվյալ ոլորտում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վերապատրաստման և փորձի փոխանակման գործընթացը, ինչպես նաև անհրաժեշտ խորհրդատվական և մեթոդական աջակցություն տրամադրել անդրազգային հանցագործությունների վարույթներով տվյալների ստացման համար։