Գործ ունենք հստակ լեզվական քաղաքականության հետ, որի վերջնական նպատակը ադրբեջաներենը հնարավորինս թուրքերենին մոտեցնելն է․ Տոնոյան

Ալիևն ընտրվելուց հետո Թուրքիա կատարած իր առաջին այցի ժամանակ համատեղ մամուլի ասուլիսում օգտագործեց միանգամից 4-5 թուրքերեն բառ, որոնք հատուկ չեն արդի ադրբեջաներենին, ավելին դրանք ադրբեջաներենի բառարաններում էլ հազիվ թե գտնվեն։

Սա է պատճառը, որ նախագահականի կայքում դրված ելույթի տեքստային տարբերակում դրանք հանվել են, փոխարինվել այն բառերով, որոնք հասկանալի են Ադրբեջանի քաղաքացիներին։

Նշածս 4 բառերն են

1) temmuz՝ ադրբեջաներենում ընդունված iyul (հուլիս) բառի փոխարեն,

2) kasım՝ ադրբեջաներենում ընդունված noyabr (նոյեմբեր) բառի փոխարեն,

3) savunma բառը savunma sənayesi (պաշտպանական արդյունաբերություն) արտահայտության մեջ՝ ադրբեջաներենում գործածական müdafiə «պաշտպանություն» բառի փոխարեն (հմմտ. müdafiə sənayesi),

4) sayın բառը Sayın Cumhurbaşkanı «հարգելի նախագահ» արտահայտության մեջ՝ ադրբեջաներենում ընդունված hörmətli բառի փոխարեն (հմմտ. Hörmətli Prezident)։

Կարելի է կարծել, որ այս բառերը գործածվել են Անկարայում գուցե թուրքերին ավելի հասկանալի լինելու համար, սակայն հաշվի առնելով նախկին օրինակները, թե ինչպես են Ալիևի կողմից Անկարայում գործածվող բառերը հետո մտնում ադրբեջաներեն, գործ ունենք հստակ լեզվական քաղաքականության հետ, որի վերջնական նպատակը ադրբեջաներենը հնարավորինս թուրքերենին մոտեցնելն է և Թուրքիայի թուրքերին այն հասկանալի դարձնելը։

Վերջինը հաստատող օրինակ է օսմաներենի համեմատությամբ արդի թուրքերենում բառային նորաբանության կարգավիճակ ունեցող yatırım «ներդրում» բառը, որն Ալիևն առաջին անգամ գործածեց դարձյալ Անկարայում 5 տարի առաջ՝ ադրբեջաներենում ընդունված qoyuş (հմմտ. sərmayə qoyuşu «կապիտալ ներդրում) բառի փոխարեն, բայց հետո այն մտավ ադրբեջաներեն և 2024 թվականի փետրվարին հասկանալի էր բոլոր ադրբեջանցիներին, երբ այն լսեցին արդեն Բաքվում Ալիևի երդմնակալության ժամանակ։

 

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից