Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այն երկրները, որոնց համար այս տարածաշրջանն ընդհանուր տուն է

Մենք ելնում ենք նրանից, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այն երկրները, որոնց համար այս տարածաշրջանը ընդհանուր տուն է։ Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ոչ ԱՄՆ-ը, ոչ Ֆրանսիան, ոչ ԵՄ երկրները չեն դասվում այդ երկրների շարքին։ Ըստ այդմ, մենք հակաարդյունավետ ենք համարում ոչ տարածաշրջանային ուժերին՝ «արևմտամետներին» տարածաշրջան ներքաշելը, ինչին, ցավոք, վերջին շրջանում պաշտոնական Երևանը հակված է։

Մենք տեսնում ենք, որ ոչ մի երկրում կամ տարածաշրջանում, որտեղ միջամտել են Միացյալ Նահանգները և նրա «արբանյակները» Եվրամիության և ՆԱՏՕ-ից, խաղաղություն չի եղել: Եղել է միայն պետականության կործանում, քաոս ու ապակայունացում։ Օրինակները շատ են՝ Բալկանները, Իրաքը, Լիբիան, Սիրիան, Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքները»,-ասել է նա։