ՀԱՊԿ-ում մնալը և ներսում քննարկումներին վերադառնալը առաջին հերթին ձեռնտու է Հայաստանին․ Գալուզին

ՀԱՊԿ-ում մնալը և կազմակերպության ներսում լիարժեք խորհրդակցություններին և քննարկումներին վերադառնալը առաջին հերթին ձեռնտու է Հայաստանի ժողովրդին և հայկական պետությանը։ Օբյեկտիվորեն, մեր կարծիքով, ՀԱՊԿ մեխանիզմին տեսանելի այլընտրանք չկա Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից։ Այս մասին «Իզվեստիա»ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Առավել ևս, որ ՀԱՊԿ անդամ երկրները միշտ բաց են եղել և մնում են Երևանին օգնություն ցուցաբերելու հարցում»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Գալուզինը նշել է, որ ժամանակին Հայաստանին առաջարկվել են ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ, մասնագիտացված կադրերի պատրաստման, ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջաններ ուղարկելու հետ կապված միջոցառումներ, սակայն այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չարժանացան ու կյանքի չկոչվեցին։