Ադրբեջանում դժգոհ են Հայաստանի տրամադրած հերթական քարտեզներից

Ադրբեջանում ստացել են վերջերս Հայաստանի հանձնած ականադաշտերի քարտեզները և դժգոհություն են հայտնել։

Հիշեցնենք, որ հայկական կողմը սկզբում հայտնել էր, որ քարտեզները կազմված են ականատեսների վկայություններով և շատ ստույգ լինել չեն կարող։

Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով ականազերծման գործակալությանը, տեղեկացնում են, որ ստացվել է ականադաշտերի 8 ֆորմուլյար, դրանք հիմնականում կազմված են Քարվաճառի շրջանի Մռավ լեռը շրջապատող ականադաշտերի մասին գրառումներից։

«Ականադաշտերի ֆորմուլյարների նորմատիվ տեխնիկական կանոնների համապատասխան՝ նշվում են ականների տեսակը, քանակը, դրանց միջեւ հեռավորությունը, տեղեկություններ տեղադրման մասին։ Սակայն, ինչպես եւ նախկինում, ներկայացված վերջին ֆորմուլյարներում տվյալներն արտացոլված են ոչ ստույգ եւ ոչ լրիվ։ Ֆորմուլյարների ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ նշված տվյալները չեն համընկնում իրական ականադաշտերի հետ, իսկ կետերի կոորդինատները ճիշտ չեն եւ անօգուտ են»,- ասել են գործակալությունում։