Ալմաթիում բանակցությունները կտևեն երկու օր․ Բայրամով

Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կտևեն երկու օր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի եւ Ղազախստանի արտգործնախարարությունների ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ, փոխանցում է Sputnik Казахстан-ը։

Նա վստահություն է հայտնել, որ բանակցությունները շատ օգտակար կլինեն ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման համար։ «Վստահ եմ, որ Ալմաթիում բանակցությունները շատ օգտակար կլինեն, և մենք կկարողանանք արդյունավետ աշխատել առաջիկա երկու օրվա ընթացքում՝ առկա բաց հարցերի լուծումներ գտնելու համար», – ասել է Բայրամովը։

Նա նաև նշել է, որ վերջին բանակցությունների կարևոր տարրը արձանագրության ստորագրումն է, որով սկիզբ դրվեց հայ-ադրբեջանական պետական ​​սահմանի սահմանազատման գործընթացին։ Բաքվում, նրա խոսքով, հատուկ ուշադրություն են դարձնում այս գործընթացին։

Բայրամովը հավելել է, որ այս պահին համատեղ ջանքերով ականազերծվել են համապատասխան տարածքները, ճշտվել են աշխարհագրական կոորդինատները։ Այս հատվածում սահմանային հենասյուների տեղադրումը գրեթե ավարտված է։

Մայիսի 10-ին Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները՝ Ղազախստանի նախարար Մուրատ Նուրթլեուի մասնակցությամբ։ Հանդիպման ավարտից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։