Հրդեհ Արամուս գյուղում․ այրվել է ռեստորանային համալիրի յոթ տաղավար

Փետրվարի 8-ին՝ ժամը 04։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Արամուս գյուղի ռեստորանային համալիրներից մեկում։

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում գտնվող ռեստորանային համալիրներից  մեկի տարածքում այրվում են հացատուն և 2 երկհարկանի տաղավար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։53-ին, մարվել՝ 07։43-ին։ 250 քմ տարածքում այրվել են 7 ձմեռային տաղավար՝ ամբողջությամբ և 2 երկհարկանի (2-րդ հարկը բացօթյա) տաղավար՝ մասամբ։