Ընտրությունները մրցակցային էին, այլընտրանք կար․ ԱՊՀ գլխավոր քարտուղարը՝ Ադրբեջանում նախագահական ընտրությունների մասին

Ադրբեջանում փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունները մրցակցային էին և այլընտրանքային։ Գործող նախագահ Իլհամ Ալիևի համոզիչ հաղթանակն ապահովեց քաղաքացիների շրջանում նրա անհերքելի հեղինակությունը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, որը գլխավորում է Համագործակցության դիտորդական առաքելությունն այս ընտրություններում։

«Ընտրություններն այլընտրանքային էին, մրցակցային, սա է գլխավորը, ԱՊՀ տարածքում ընտրությունների կազմակերպիչներին պարբերաբար ուղղվող քննադատական մեղադրանքներից մեկը այն է, որ ընտրությունները մրցակցային չեն, այլընտրանք չկա։ Այստեղ այլընտրանք կար, յոթ թեկնածու։ Բոլորը արժանի մարդիկ»,-ասել է Լեբեդևը։

Նա ընդգծեց, որ ԱՊՀ-ից դիտորդներն ուսումնասիրել են բոլոր յոթ թեկնածուների կենսագրությունն ու ծրագրերը։ «Ծրագրերը պատկառելի են, հավասարակշռված՝ ուղղված Ադրբեջանի հետագա զարգացմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, ընտրողների համար կար մրցակցություն, կար այլընտրանք»,-նշել է Լեբեդևը։

Նրա խոսքով, հինգերորդ ժամկետով առաջադրված Ալիևի հեղինակությունն անհերքելի է, ինչն էլ ապահովել է քվեարկության արդյունքը։ «Համոզիչ հաղթանակ, ակնհայտ, սպասելի էր: Այստեղ զարմանալի ոչինչ չկա: Սրանից սենսացիա և քննադատության առիթ չէի անի»,-ընդգծել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը: