Ագուլիսի կոտորածները. ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի անդրադարձը

Ագուլիսը, որը հայկական Գողթան գավառի զարգացած ավաններից էր, 17-րդ դարում ունեցել է մոտ 8000 տուն հայ բնակչություն: Այստեղ գործել է տասներկու վանք ու եկեղեցի: Ագուլիսը ևս անմասն չի մնացել թուրք-թաթարական կոտորածներից և ավերածություններից: Ագուլիսի հայերին չի փրկել անգամ այն, որ նրանք որդեգրել էին չեզոք դիրքորոշում և ընդունել տեղի մուսուլմանական իշխանությունը: 1919 թ. դեկտեմբերի 24-25-ը Ագուլիսում տեղի ունեցան կոտորածներ, որին զոհ գնացին Վերին և Ներքին Ագուլիսների հայ բնակչության մեծ մասը: Ղարաբաղ-Զանգեզուրի գեներալ-կոմիսար Սերգեյ Մելիք-Յոլչյանը այդ օրերին Սյունիքից հեռագրել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարին. «Լրացուցիչ ստուգված տեղեկությունների համաձայն՝ Նախիջևանի և Օրդուբադի թաթարները, թուրքական և ադրբեջանական սպաներ Խալիլ բեյի, Էդիֆ բեյի և ուրիշների գլխավորությամբ Ներքին Ագուլիսի կոտորածից հետո, գազանորեն խողխողել են Վերին Ագուլիսի ամբողջ բնակչությանը: Վերին Ագուլիսում սպանված է 400, իսկ Ներքին Ագուլիսում՝ 1000 մարդ: Բնակչությունը կոտորված է գլխովին` բացառությամբ 20 գեղեցիկ աղջիկների, որոնք, իբրև նվերներ, բաժանվել են սպաներին: Հարուստ Փանյանի 16 տարեկան աղջիկը մատուցված է Էդիֆ բեյին: Թե՛ Ներքին և թե՛ Վերին Ագուլիսների բնակչությունը բոլորովին անզեն էր և պահում էր իրեն խիստ լոյալ, բայց այդ հանգամանքը չփրկեց նրանց: Թաթարների առաջխաղացումը դեպի Գողթան շարունակվում է: Գողթանի բնակիչների մնացորդների հոսանքը դեպի Մեղրի է քաշվում…»:

Կոտորածները մանրամասն նկարագրել է ծնունդով ագուլեսցի, Պրահայի և Թեհրանի համալսարանների պատմագիտության և փիլիսոփայության դոկտոր, Ագուլիսի եղեռնի ականատես Հովհաննես Հախնազարյանն (1900-1978 թթ․) իր «Գողթան Գավառ. Ագուլիսի և շրջակա գյուղերի Եղեռնը» փաստագրական հուշագրության մեջ:

Այդ կոտորածներին անդրադարձել է նաև Ագուլիսում (Այլիս) ծնված ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին` իր «Քարե երազներ» վեպում: Այնտեղ նա զուգահեռներ է անցկացնում Ագուլիսի կոտորածի ու 1988 թ. և դրանից հետո Սումգայիթի, Բաքվի հայերի ջարդերի միջև: Հեղինակն ադրբեջանցու շուրթերով հչեցնում է այդ շրջանում երկրում տիրող ներքին բարոյահոգեբանական վիճակի, հայերի հանդեպ արմատացող ազգայնամոլական թշնամանքի մասին: Ահա Այլիսլիի վեպի՝ Ագուլիսի  ջարդերի նկարագրության հատվածը. «…Այլիսում այդ ժամանակ դեռ միջին տարիքի շատ մարդիկ էլ կային, որոնք իրենց աչքով տեսել էին Այլիսի հայերի ահավոր ջարդը: …Այսպես էր եղել. որպեսզի Այլիսի հայ բնակչությունը նախապես ոչնչի մասին չկռահեր, Էդիֆ բեյի 30-40 թուրք հեծյալներ վաղ առավոտից շրջել էին բոլոր տները՝ և՛ հայերի, և՛ մահմեդականների, ու հայտարարել, որ այդ օրը զինադադար է հայտարարվելու, որի համար բոլորն անհապաղ պետք է հավաքվեն այսինչ հայի բակում: Հենց պայմանավորված վայրում ժողովուրդը հավաքվեց, թուրք զինվորները մահմեդականներին բաժանեցին հայերից և նրանց շարք կանգնեցրին բակի տարբեր կողմերում: Հանկարծ ինչ-որ տեղից բարձրագոչ հրաման լսվեց՝ «Կրա՛կ», և բոլոր կողմերից բակը շրջապատած թուրք զինվորները փամփուշտների կարկուտ տեղացին հայերի վրա: Շատերն անմիջապես զոհվեցին, ողջ մնացածների՝ մինչև վերջին մարդու, կոկորդները դաշույնով կտրեցին կամ սվինահարեցին: Նրանց, ում հնարավոր էր միանգամից բակում և այգում թաղել, հոր փորեցին ու թաղեցին: Ում համար տեղ չգտնվեց բակում և այգում, լցրեցին մոտակա տների գոմերն ու մարագները, այրեցին: Մահմեդական կանայք, որոնք այդ օրը նույնիսկ չհամարձակվեցին տնից դուրս գալ, հետագայում այսպես էին նկարագրում տեղի ունեցածը. «Բոլոր առուներում ջուրը մի ամբողջ շաբաթ արյունից կարմրել էր»: Էդիֆ բեյը ագռավի նման սև ձի ուներ: Էդիֆը ձիու վրա էր՝ տան դարպասի մոտ: «Կրա՛կ» բղավելով՝ նա ձիուն մտրակեց ու սլացավ: Եվ իսկույն գնդակների անձրև թափվեց, թվում էր՝ երկինքը փուլ է գալիս, վերևից մոխիր է թափվում: Այնպիսի աղաղակ բարձրացավ, որ երբեք ոչ ոք չէր լսել աշխարհի արարումից ի վեր: Միանգամից բակերի բոլոր շները ոռնացին: Կռավեցին ծառերի բոլոր ագռավները: Վախեցած կաչաղակներն ու աղավնիները միանգամից անհետացան գյուղից, թռան՝ թաքնվելու սարերից այն կողմ: Թվում էր՝ դժոխքը բացվել է, արևը ուր որ է կփլվի երկրի վրա…»:

Վեպը հրատարակվել է ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» հանդեսում 2012 թ. դեկտեմբերին: Այն զանգվածային զայրույթ է առաջացրել Ադրբեջանում: Գրողի տան դիմաց ցույցեր են կազմակերպվել, հրապարակային կերպով այրվել են գրքերը, նրան մեղադրել են դավաճանության մեջ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Այլիսլին զրկվել է  1988 թ. շնորհված «Ժողովրդական գրող» կոչումից և  նախագահական թոշակից: «Ժամանակակից Մուսավաթ» իշխանամետ կուսակցության առաջնորդը կուսակցության երիտասարդական թևի անդամներին 10 հազար մանաթի պարգևի դիմաց հանձնարարել էր կտրել նրա ականջը: Այս հալածանքների մասի Այլիսլին ասել է. «Ես հասկանում եմ, որ իմ ստեղծագործությունը որոշակի խնդիրներ ստեղծեց թե՛ Ադրբեջանի իշխանությունների և թե՛ պաշտոնական գաղափարախոսության համար: Բայց ես երբեք չեմ համաձայնի հնչող այն տեսակետին, թե իմ վեպը նվաստացնում է ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը,- դիմելով Իլհամ Ալիևին՝ գրում է Աքրամ Այլիսլին և հավելելում,- Պարո՛ն նախագահ, տնտեսական բարեփոխումների հետ մեկտեղ Ադրբեջանին նաև գաղափարախոսական բարեփոխումներ են անհրաժեշտ։

Ճիշտ է՝ հեղինակը թույլ է տվել պատմական որոշ անճշտություններ, բայց նրա ստեղծագործությունն ունի ոչ միայն գեղարվեստական, այլև հասարակական-քաղաքական մեծ նշանակություն, քանի որ գրողը փորձել է դուրս գալ ստի և կեղծիքի շրջանակներից:

Այսպիսով, թուրք-թաթարական ցեղասպան քաղաքականությանը զոհ գնացին նաև Ագուլիսի հայերը: Հայաթափվեցին հայկական Ագուլիսն ու Գողթան գավառը: Այդ ջարդերն այնքան անմարդկային ու դաժան են եղել, որ տասնամյակներ շարունակ պատմվել են անգամ ադրբեջանցիների շրջանում: Ալիևի բռնապետական ու հայատյաց քաղաքականության պայմաններում գտնվում են մարդիկ, որոնք խոսում են Նախիջևանում և ընդհանրապես Ադրբեջանի տարածքում հայերի գոյության, մշակութային ու տնտեսական զարգացվածության մասին: Միաժամանակ խոսում են անմարդկային այն դաժանությունների մասին, որի հետևանքով հայաթավել ու ցեղասպանվել է ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրած հայ բնակչությունը, իսկ հայկական հետքն էլ շարունակաբար ջնջվել է:

Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամ