Բեռնափոխադրողները դժգոհ են. Քերոբյանը խորհուրդ է տալիս հարմարվել

«Խնդիրն այդքան լուրջ չէ,  ընկերությունները կարող են հարմարվել։ Տարբեր երկրներում տարբեր ստանդարտներ են փոխվում, տարբեր պայմաններ առաջադրվում»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, որը բարձրաձայնեց  բեռնափոխադրող ընկերությունների մտահոգությունները․ այն է՝ 2023 թվականի նոյեմբերից վրացական կողմը նոր սահմանափակումներ է մտցրել Վերին Լարսի անցակետում՝ արգելելով երկրորդ բաքի առկայությունը։

Քերոբյանն ասաց, որ իրենք հիմա ավելի շատ խրախուսում են արտահանողներին և բեռնափոխադրողներին նայել դեպի այլ շուկաներ, փորձել  դիվերսիֆիկացնել։

«Մեր ջանքերը մեծ մասամբ  դնում ենք արտաքին առևտրաշրջանառության դիվերսիֆիկացիայի վրա»,- նշեց Քերոբյանը։

Դանիելյանը պահանջեց իր հարցին կոնկրետ պատասխան տալ։ Քերոբյանն արձագանքեց. «Բեռնափոխադրողների հետ ամենօրյա կապի մեջ ենք, դժգոհ են, բայց լուծումներ կան, այնպես չէ, որ այնպիսի խնդիր է, որ անհնար է դարձել բեռնափոխումները Վրաստանի տարածքով»։