Երևանի թիվ 9 արհեստագործական ուսումնարանի քիմիայի դասասենյակում հրդեհ է բռնկվել, աշակերտները տարհանվել են

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցում գտնվող «Երևանի համար 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ, 8-րդ, 2-րդ և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ուսումնական հաստատության 3-րդ հարկի քիմիայի կաբինետում:

Պարեկները ուսումնական հաստատության աշխատակիցների հետ տարհանել են սովորողներին:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները նախ մեկուսացրել, ապա մարել են կրակը:

Այրվել է հատուկ նյութերի համար նախատեսված պահարանն ու մի քանի սեղան:

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: