Իրանը կառուցում է Արևմտաասիական տարածաշրջանի խոշորագույն տիեզերանավային բազան

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը հայտարարել է, որ երկիրը  Արևմտաասիական տարածաշրջանում խոշորագույն տիեզերանավային բազան է կառուցում, տեղեկացնում է Tasnim-ը։

Զարեփուրը նշել է, որ բազայի կառուցման առաջին փուլը կավարտվի  իրանական հաջորդ օրացուցային տարվա վերջին (սկսվում է 2024 թվականի մարտի 21-ից):

Զարեփուրը հայտնել է նաև, որ երկիրը մեկ այլ արբանյակ կարձակի մինչև ընթացիկ իրանական օրացուցային տարվա վերջը (մինչև 2024 թվականի մարտի 20-ը):

Իրանցի նախարարի խոսքով՝ երկրի տիեզերական արդյունաբերության մեջ տեղի են ունեցել կարևոր զարգացումներ՝ 2021 թվականի օգոստոսին նախագահ Էբրահիմ Ռաիսիի վարչակազմի պաշտոնավարումից հետո արբանյակների արձակման թիվը երկրում հասցնելով 11-ի։ Նա հույս է հայտնել, որ երկիրը շուտով կավելացնի տիեզերական արձակումների թիվը։

Իրանն իր արբանյակները ժամանակին ուղեծիր էր ուղարկել այլ երկրների հետ համագործակցությամբ, սակայն այժմ նա տիրապետում է տիեզերական արդյունաբերության ամենաառաջադեմ տեխնոլոգիաներին և կարող է ինքնուրույն հաջողությամբ ուղեծիր դուրս բերել իր տեղական արբանյակները, ընդգծել է նախարարը։