Կարեն Անդրեասյան շատ հարցերում շատ ավելի կաթոլիկ է, քան Հռոմի Պապը, ավելի նիկոլական է, քան Նիկոլը․ Մելիքյան

Ակնհայտ է, որ դատական համակարգը լուրջ ճնշման ներքո է, խոսքը միայն արտաքին ճնշմանը չի վերաբերում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի գործով ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով դատական համակարգի, հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին վերաբերող քրեական գործերի վրա իշխանության ազդեցությանը և  այդ գործում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի դերին:

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ ԲԴԽ նախագահն անընդհատ շեշտում է, որ ոչ ոք իրեն չի ճնշում, սակայն կարիք չկա, որ որևէ մեկը նրան ճնշի՝ հաշվի առնելով, որ նա ՔՊ կուսակցության նախկին անդամ է. «Ես անգամ չեմ բացառում, որ որևէ մեկը կարող է Կարեն Անդրեասյանին որևէ հանձնարարություն չտալ, որովհետև ինքը շատ հարցերում շատ ավելի կաթոլիկ է, քան Հռոմի Պապը, ավելի նիկոլական է, քան Նիկոլը»։

Փաստաբանը հայտարարեց, որ ԲԴԽ-ն՝ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ, քաղաքականացված մարմին է, որը չի կարող անկողմնակալություն դրսևորել քաղաքական գործերում. «Դատական դեպարտամենտը չունենալով դրա լիազորությունը Արմեն Աշոտյանի գործով հայտարարություն է տարածում, իսկ դատավորը չի պարզաբանում՝ ինքն է տվել տեղեկությունը, թե ոչ: Կարեն Անդրեասյանն էլ ասում է, եթե դժգոհ են թող էթիկայի հանձնաժողով կամ Արդարադատության նախարարությանը դիմեն, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկեն դատավորին»: