ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրով կհամագործակցեն միգրանտների մաքսանենգության, փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի ոլորտներում

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի ՆԳՆ-ի և ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի և «Հայաստանի ՆԳՆ-ի և ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկություններին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2021թ. սեպտեմբերի 28-ին Եվրոպոլի գործադիր տնօրեն տիկին Քեթրին դը Բոլի և ՀՀ ոստիկանության պետ,  ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կողմից ստորագրվել է  «Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցութան գործակալության միջև համագործակցության հաստատման վերաբերյալ» աշխատանքային համաձայնագիրը, որը նպատակ ունի ընդլայնել համագործակցությունը անդրազգային հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես` թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրանտների մաքսանենգության, կիբերհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի և այլ ոլորտներում:

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև» փոխգործակցության մասին համաձայնագիրը և «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը բխում են վերոնշյալ աշխատանքային համաձայնագրից:

Փոխգործակցության մասին համաձայնագիրը հիմք կհանդիսանա ՀՀ ՆԳՆ-ից կապի սպայի Եվրոպոլ տեղակայման համար, ինչի շնորհիվ Եվրոպոլի հետ համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը կդառնա առավել օպերատիվ:

Փոխըմբռնման հուշագիրը իրավական հիմք կհանդիսանա Եվրոպոլի կողմից ՀՀ ՆԳՆ-ում համապատասխան սարքավորումների տեղադրմամբ տեղեկատվության փոխանակման համար անվտանգ կապուղու ստեղծման համար: