Զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Մառլեն Սարգսյանը բողոքարկել է իրեն կալանքի տակ թողնելու որոշումը

Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով մեղադրյալ Մառլեն Սարգսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։ «Դատալեքս» համակարգի համաձայն՝ բողոքը հունվարի 19-ին մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանին, փոխանցում է «Փաստինֆո»-ն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր Եղիշե Հակոբյանի, Գոռ Աղեկյանի, Մառլեն Սարգսյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնետը։

Այս պահին հայտնի է միայն Մառլեն Սարգսյանի կողմից ներկայացված բողոքի մասին։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2023թ. հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։