Պատրաստակամ ենք անհրաժեշտ ջանքեր ներդնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված գործընթացում․ Հունգարիայի դեսպան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հունվարի 22-ին ընդունել է Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին։

ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին, մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև երեխաների իրավունքների պաշտպանության, զբաղվածության և սոցիալական բնակարանաշինության ոլորտներում համատեղ աշխատանքների կազմակերպման հնարավորությանը։

Ներկայացնելով տեղահանված անձանց ուղղությամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերը՝ նախարար Մկրտչյանն ընդգծել է նաև վերջիններիս կենսապայմանների բարելավման և զբաղվածության ապահովման կարևորությունը։ Այս համատեքստում դիտարկվել է իրականացվող մի շարք ծրագրերում հունգարական կողմի ներգրավման հարցը։

Աննա Մարիա Շիկոն ևս կարևորել է նախարարության հետ համագործակցությունը և նշել, որ պատրաստակամ են անհրաժեշտ ջանքեր ներդնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված գործընթացում։ Դեսպանի առաջարկով՝ քննարկվել է տեղահանված երեխաների հանգիստն ամառային արձակուրդների ընթացքում Հունգարիայում կազմակերպելու հնարավորությունը։ Նախարար Մկրտչյանը ողջունել է դեսպանի առաջարկը և նշել, որ նմանօրինակ ծրագիր արդեն իսկ իրականացվել է Սլովենիայի և Կիպրոսի հետ, որի շրջանակում ԼՂ-ի, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ համայնքների երեխաները հնարավորություն են ունեցել այցելել տվյալ երկրներ ու մասնակցել կրթական և ուսուցողական տարբեր միջոցառումների։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։