Պակիստանի և Իրանի արտգործնախարարները Թուրքիային հավաստիացրել են, որ լարվածության թեժացում չեն ցանկանում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի և Իրանի պաշտոնակիցներ Ջալիլ Աբաս Ջիլանիի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։ Ինչպես ՏԱՍՍ-ին տեղեկացրել է թուրքական դիվանագիտական աղբյուրը, նրանք Ֆիդանին հավաստիացրել են, որ երկրների միջև լարվածության թեժացում չեն ցանկանում։

«Արտաքին գործերի նախարար Ֆիդանը, որն այցով գտնվում է Ամանում, հեռախոսազրույց է ունեցել  պակիստանցի և իրանցի պաշտոնակիցների հետ։ Նա կողմերին զսպվածության կոչ է արել՝ նշելով տարածաշրջանում նոր խնդիրների առաջացման անթույլատրելիության անհրաժեշտությունը։ Երկու նախարարները թուրք գործընկերոջը հավաստիացրել են, որ լարվածության թեժացում չեն ցանկանում»,- նշել է զրուցակիցը։

Թուրքիայի ԱԳՆ-ը հինգշաբթի օրն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել տարածաշրջանում ծագած լարվածության առիթով՝ հայտարարելով, որ պատրաստ է «իր փորձը կիսել և ավանդ ներդնել վեճերի խաղաղ կարգավորման գործում»։