Բիշքեկում բանակցել են Ղրղզստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Բիշքեկում տեղի են ունեցել Ղրղզստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների՝ Ժեենբեկ Կուլուբաևի և Հաքան Ֆիդանի բանակցությունները, տեղեկացրել է Yeni şafak-ը։

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ իրավիճակը և երկու պետությունների միջև երկկողմ ռազմավարական և եղբայրական հարաբերությունների հետագա ընդլայնման հեռանկարները։

Հավաստիացնելով առևտրատնտեսական համագործակցության դինամիկայի զարգացման կարևորությունը՝ Ղրղզստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները նշել են, որ պատրաստ են համատեղ ջանքեր գործադրել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մակարդակն ավելացնելու ուղղությամբ։ Այդ թվում՝ երկկողմ ղրղըզա-թուրքական ներդրումային ֆոնդի ստեղծման միջոցով։

Կողմերը նշել են նաև երկրների միջև ռազմատեխնիկական և ռազմապաշտպանական ոլորտներում ակտիվորեն զարգացող համագործակցությունը և այս ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման առկա պոտենցիալը։