Սփյուռքի հանձնակատարների ինստիտուտն ընդլայնվում է, սպասվում են նշանակումներ

Ընթացիկ տարում նկատելի աշխատանք է կատարվելու Սփյուռքի հանձնակատարների ինստիտուտի ձևավորման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի  հետ զրույցում ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ այս տարի արդեն սկսվելու են տեղերում՝ տարբեր երկրներում, քաղաքներում, որտեղ կա ձևավորված հայ համայնք, Սփյուռքի հանձնակատարների մեծ թվով և արագ նշանակումներ։

«Վերջին երկու տարիների ընթացքում հիմնականում բացատրական աշխատանքներ ենք տարել համայնքներում՝ պարզաբանելու, թե ինչ է իրենից ներկայացնում հանձնակատարների ինստիտուտը։ 2023 թվականից սկսեցինք հանձնակատարի նշանակումները՝ առաջինը ՀՀ վարչապետի կողմից նշանակվեց Լեհաստանում։ Այժմ դիտարկում ենք մի քանի թեկնածուներ, առաջիկայում կլինեն նշանակումներ։ Ունենք նաև մեծ ցուցակ, որը ևս դիտարկվում է։ Ցուցակում ընդգրկված անձանց հետ ևս աշխատանք է տարվելու, և երբ պահը հասունանա՝ դիմելու ենք վարչապետին՝ նշանակման համար»,-ասաց Զարեհ Սինանյանը՝ ավելացնելով, որ հանձնակատարներն արտահաստիքային պաշտոններ են։