Հունաստանը հստակորեն աջակցում է Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական վայրերի պահպանմանը․ Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանը հստակորեն աջակցում է Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական վայրերի պահպանմանը։ Այս մասին հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց պաշտոնական այցով Երևանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը։

Հունաստանի արտգործնախարարն ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը, և Աթենքը մտադիր է աշխատել այդ հարցով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ։ «Հունաստանը հստակորեն աջակցում է Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական վայրերի պահպանմանը և ցանկանում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն բացահայտի հնարավոր սպառնալիքները»,- ասաց Յորղոս Գերապետրիտիսը։

Նա վերահաստատեց իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցել Երևանի և Բրյուսելի միջև հարաբերությունների խորացմանը՝ ասելով, որ «Հունաստանը միշտ պատրաստ է վստահելի գործընկեր լինել և անկեղծորեն հավատում է, որ բարգավաճումը կարող է լինել միայն Եվրոպայի հետ»։