Իրաքում կկայանա արտահերթ հանդիպում՝ այդ երկրից ամերիկյան ուժերի դուրսբերման թեմայով

Իրաքյան քաղաքական աղբյուրները հայտարարել են, որ Մուհամեդ Շիա ալ-Սուդանին այսօր կարևոր հանդիպում է ունենալու «Շիական համակարգման շրջանակ» կոալիցիայի անդամ քաղաքական խմբերի հետ՝ քննարկելու այդ երկրում ամերիկյան ուժերի ներկայության հարցը։ Այս մասին տեղեկացնում է ParsToday-ը:

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ալ Արաբի Ալ-Ջադիդ» կայքը հայտնում է, որ հանդիպումը տեղի է ունենում վերջին ամիսներին ԱՄՆ-ի կողմից «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» դիրքերը թիրախավորելու մի քանի դեպքերից հետո, ինչը զայրացրել է իրաքյան շրջանակներին։

Նշվում է, որ հանդիպմանը Մուհամեդ Շիա ալ-Սուդանին պատրաստվում է «Շիական համակարգման շրջանակ» կոալիցիայի անդամ խմբավորումների ղեկավարների, ինչպես նաև  ռազմական և դիվանագիտական կոմիտեի անդամների հետ, որը ստեղծվել է ամերիկյան ուժերի ներկայությունը դադարեցնելու նպատակով, քննարկել երկրից ամերիկյան ուժերի վտարման և դրա հետևանքների հետ կապված հարցեր:

Մինչ իրաքյան զինված խմբավորումները շարունակում են գործողություններ ձեռնարկել   ամերիկյան ուժերին դուրս մղելու ոիղղությամբ, շարունակվում են հարձակումները այն բազաների վրա, որտեղ ամերիկյան ուժերը ներկա են՝ ներառյալ Այն ալ-Ասադը և Հարիրը:

Ավելի վաղ, Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել էր, որ տեղյակ չէ Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերման վերաբերյալ այդ երկրի պաշտպանության նախարարության որոշման մասին։

Իրաքի Ալ-Անբար, Էրբիլ և Բաղդադ նահանգներում տեղակայված Էյն օլ-Ասադ, ալ-Հարիր և Վիկտորիա բազաներում ներկա է մոտ 2500 ամերիկացի զինվոր: