Ինչպես տարբերել ֆինանսական բուրգերը

Վերջին ամիսներին Հայաստանում ֆինանսական զեղծարարությունների ակտիվացմանը զուգահեռ ի հայտ են եկել և սոցիալական ցանցերով ակտիվորեն գովազդվում են տարբեր ֆինանսական բուրգեր, որոնք խոստանում են բարձր եկամուտ ներդրումների համար և, որպես կանոն, հավաքելով գումարը՝ անհետանում:

«Խնդրում ենք լինել հետևողական և զգույշ՝ տարբեր խարդախ մեխանիզմների զոհ չդառնալու համար»,-հորդորում է  Կոնվերս բանկ-ն ու ներկայացնում մի  քանի նախանշաններ, որոնք կօգնեն տարբերել ֆինանսական բուրգը.

1. Երաշխավորում են բարձր եկամուտ՝ առանց ֆինանսական որևէ ռիսկի: Ընկերությունը հրապարակայնորեն խոստանում է շուկայականից անհամեմատ ավելի բարձր եկամուտ: Նշվում է եկամտի հաշվարկման և տրամադրման անհասկանալի, բարդ կարգ:
2. Ներդրումների մասին հիմքեր չեն տրամադրում։ Ցույց են տալիս գեղեցիկ նկարներ, տեսանյութեր և այլն, սակայն ոչ ֆինանսական փաստաթղթեր: Գումարն առաջարկում են ուղարկել ուրիշ ֆինանսական կազմակերպության հասցեին, որևէ անձի ֆինանսական քարտին և այլն, կամ էլ փոխանցել կանխիկ:
3. Այս դեպքում որևէ մեկը չի կարող ապացուցել, որ ներդրում է կատարել:
Չեն նշում կապի միջոցներ, իսկ ներդրում կատարած դժգոհող անձանց անհիմն արգելափակում են:
4. Առաջարկում են նոր հաճախորդներ ներգրավել և յուրաքանչյուր նոր հաճախորդի համար խոստանում հավելյալ եկամուտ:
5. Հնարավոր ներդրողների վստահությանն արժանանալու համար հաճախ հրապարակում են հայտնի ընկերությունների հետ համագործակցության վերաբերյալ կեղծ տեղեկություն։

Այսպես շահագրգռելով մարդկանց՝ փորձում են հնարավորինս սեղմ ժամկետում առավելագույն գումար ներգրավել, յուրացնել և «անհետանալ»: Հուսալի ներդրումներ կատարելու և հնարավոր ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով.

– Ընտրեք գրանցված ընկերություն, որի մասին տեղեկատվություն կա իրավասու կազմակերպությունների կայքերում:
– Ներդրումների նպատակով ընտրեք այնպիսի ընկերություն, որը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից․ ցանկը հրապարակված է ԿԲ կայքում:
– Ուշադիր կարդացեք, վերստուգեք ֆինանսական պայմանագրերն ու այլ փաստաթղթերը՝ ըստ անհրաժեշտության խորհրդակցելով իրավաբանների հետ:
Կոնվերս Բանկի գործունեության, այլ ընկերությունների հետ համագործակցության վերաբերյալ հավաստի տեղեկատվություն կարող եք ստանալ Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև սոցիալական պաշտոնական էջերում կամ զանգահարելով 010-511-211։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։