Վրաստանը Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստացավ

Եվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում է կայացրել: ԵՄ առաջնորդները որոշել են նաև սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Տեղեկությունը տարածել է Եվրոպական հանձնաժողովը՝ նշելով, որ դա ռազմավարական որոշում և օր է, որը դաջված է մնալու Եվրամիության պատմության մեջ. «Մենք հպարտ ենք, որ կատարել ենք մեր խոստումները, և ուրախ ենք մեր ընկերների ու գործընկերների համար»:

Որոշմանն անդրադարձել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը. «Եվրոպական խորհուրդը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։ Խորհուրդը Վրաստանին շնորհեց թեկնածուի կարգավիճակ, և ԵՄ-ն բանակցություններ կսկսի Բոսնիա և Հերցեգովինայի հետ, երբ վերջինս համապատասխանի անդամակցությանն անհրաժեշտ չափանիշներին: Խորհուրդը հանձնաժողով է հրավիրել մինչև մարտ ամիս զեկույց պատրաստելու համար»:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ. «Շնորհավորում եմ, Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ»:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, այսօր Վրաստանի և եվրոպական ընտանիքի համար մոնումենտալ իրադարձություն է:

«Խոսել է վրաց ժողովրդի անսասան կամքը, որը հանգեցրել է արժանի թեկնածուի կարգավիճակի ձեռքբերմանը։ Վրաստանի վերամիավորումն իր եվրոպական ընտանիքին անշրջելի հեռանկար է»,- գրել է նախագահը:

Հատուկ տեսաուղերձով են հանդես եկել Վրաստանում ԵՄ անդամ 27 երկրների դեսպանները:

«Վրաստանը ստացել է թեկնածուի կարգավիճակ։ Այս պատմական օրը Եվրամիությունը և նրա անդամ երկրները մեկ ուղերձ ունեն Վրաստանի ժողովրդին: Շնորհավորում ենք»,- ասված է շնորհավորանքի խոսքում։