Երեկ գերությունից վերադարձած տղաները հարցաքննվել են, մեծ մասը տուժողի կարգավիճակ ունի․ ՔԿ

Երեկ Բաքվի գերությունից հայրենիք վերադարձածների հետ սկսվել են քննչական գործողություններ. այս մասին տեղեկացրել են Քննչական կոմիտեից։

«Վերադարձված անձանց հիմնական մասը 2020 թ. պատերազմին վերաբերող վարույթով ունեն տուժողի կարգավիճակ, նրանց հետ այդ վարույթի շրջանակներում սկսվել են քննչական գործողությունները։ Մի քանիսը պատերազմից հետո շփման գծի տարբեր հատվածներում տեղի ունեցած գերեվարումների դեպքերով քննվող վարույթներով են անցնում՝ որպես տուժող։ Բոլորի հետ անհրաժեշտ քննչական գործողություններն էլ իրականացվելու են համապատասխան վարույթներով»,- ասել է  Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, հավելելով, որ նախաքննական գաղտնիքից ելնելով՝ այլ տեղեկատվություն ՔԿ-ը չի տրամադրում։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2020-2023 թթ. գերեվարված 31 և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը և գտնվում են Հայաստանում: