Ինչպես հանձնեցին Արցախը

2018 թվականի իշխանափոխությունից հետո, ինչպես նշվել է նախորդ հոդվածում, հեղափոխականներն առաջին հարվածը հասցրին եկեղեցուն, ապա հերթը հասավ հայագիտական առարկաներին՝ մասնավորապես «Հայոց եկեղեցու պատմությանը»։

Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի այն ժամանակվա փոխնախարար Արևիկ Անափիոսյանը «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում ասել էր, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում չի լինի, այն կմատուցվի ինտեգրված կամ այլ բովանդակությամբ։ Իսկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը փոխնախարարի հայտարարությունից հետո պարզաբանեց, թե մշակվում են չափորոշիչներ, առարկաների ցանկեր, և յուրաքանչյուր առարկայի առանձին գոյության արդյունավետության հարցը քննարկվում է։

«Չափորոշիչներն ու առարկացանկերը մշակող հանձնաժողովն աշխատում է, երբ աշխատանքն ավարտեն, մենք կքննարկենք ու որոշում կկայացնենք»,-ասել էր նախարարը։

Նրա խոսքով՝ իրենք պարբերաբար հանդիպումներ են ունենում և՛ կաթողիկոսի, և՛ եկեղեցու ներկայացուցիչների հետ, առարկայի հարցը քննարկում են: 

«Երբ որ առարկայացանկերի առաջարկներ կլինեն, մենք ևս մեկ անգամ նրանց հետ կքննարկենք: Եվ խնդրում եմ՝ սրանից սենսացիաներ չանեք»,- նշել էր Արայիկ Հարությունյանը։

Եկեղեցին այս քայլը որակեց որպես անընդունելի և ոչ կառուցողական մոտեցում: Կոչ արեց վերանայել այս քաղաքականությունը։

«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դեմ սկսված արշավից անմասն չմնաց նաև այդ ժամանակ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, որը ժամանակին լուրջ գործունեություն է ծավալել Սորոսի հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերով, ներկայումս բավականին ոգևորված ներգրավված է հայագիտական առարկաների դասավանդման դեմ ընթացող գործընթացներում։

«Փաստ» թերթի տեղեկացմամբ Հովհաննիսյանի՝ Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածներից մեկում նա բացահայտ քննադատում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման փաստը։

Ներկայացնենք մի հատված այդ հոդվածից. «Հաշվի առնելով ուսումնասիրությունը՝ պարզվում է, որ կրոնի ուսուցման մեթոդները նպատակաուղղված են Առաքելական եկեղեցու կողմից հայոց հավատքի համակարգը ներթափանցելուն, ինչն արգելված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 2-րդ հոդվածով։

Հայ Առաքելական եկեղեցին շատ ակտիվ ուսուցանվում է դպրոցներում, ինչը իշխանությունների կողմից սատարված տարածված երևույթ է»:

Սա ինքնին բավական խոսուն է և ցույց է տալիս, թե ոչ միայն այս առարկայի, այլև ընդհանրապես հայագիտական ուղղության առարկաների դեմ արշավը երբվանից է սկիզբ առնում ու որտեղից»,-գրում է թերթը։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր մտահոգությունն էր հայտնել թեմայի վերաբերյալ, 2023 թվականի ապրիլին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը որոշվել էր ստեղծել հանձնաժողով, որը պետք է քննարկեր առարկայի հետագա ուսուցման մեթոդիկան, սակայն կարծես նախարարությունն ու եկեղեցին ընդհանուր հայտարարի չեկան։

Ինչ էր առաջարկում նախարարությունը․ ԿԳՄՍ նախարարության որոշման համաձայն՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան չի լինելու առանձին առարկա և ներառվելու է «Հայոց պատմության» դասագրքում։

Բազմաթիվ քննարկումներից և քննադատություններից հետո ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ևս մեկ անգամ վերհիշեց, որ «2021 թվականին հաստատվել է հանրակրթության պետական չափորոշիչ, որով սահմանված են մեր մոտեցումները, այդ չափորոշիչը ներդրվելու է բոլոր դպրոցներում այս տարվա սեպտեմբերին։ Սա է իրավիճակը, և այս իրավիճակը չի փոխվում»։ Դրանով ևս մեկ անգամ շեշտելով, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան չի դասավանդվելու։

Հայոց պատմության դասագրքում հպանցիկ անդրադարձ կլինի «Հայ եկեղեցու պատմությանը»,  իսկ որոշ ժամանակ անց էլ կասեն՝ ինչներիս է պետք «Հայ եկեղեցու պատմությունը» և աստիճանաբար ամբողջությամբ կհանեն դպրոցական դասացանկից։ Ամեն ինչ քայլ առ քայլ, հստակ նախագծված տանում էր դեպի Արցախի հանձնում։

Եվ սա էլ Արցախի հանձնման նախապատրաստական փուլի ամենևին ոչ պակաս կարևոր դրվագ էր։

#ԻնչպեսհանձնեցինԱրցախը

 

Շարունակելի․․․

Լուսինե Այրապետյան