Ինչպես հանձնեցին Արցախը

2018 թվականի «թավշյա», «ոչ բռնի» իշխանափոխությանը հաջորդեց արշավն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու։ Ստեղծվեց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը, որի անդամները պահանջում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։ Նախաձեռնության անդամները Գարեգին Բ-ի ավտոմեքենայի ճանապարհը փակեցին, վանկարկելով՝ Գարեգի՛ն, հեռացիր։

Վեհարանի շենքը գրավեցին, իսկ իրավապահ համակարգը կողքից լուռ հետևում էր այդ գործողություններին, և միայն միամիտը կարող է կարծել, որ այս ամենը չէր վայելում պետական բարձր պաշտոնյանների լայն աջակցությունը։ Ուշագրավ է նաև, որ նախաձեռնությունը կազմակերպիչներն անվանել էին ազգայինեկեղեցական, որին մասնակցում էին Հայր Կորյունը, Հայր Անդրեասը, Տեր Արմեն քահանա Մելքոնյանը։ Վերջինս մասնակցել է «Սեֆիլյանի և մյուսների» գործով դատավարությանը», մինչև կաևգալույծ արվելը եղել է Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքի հոգևոր հովիվ։ Իսկ Հայր Կորյունը հիացել էր Նիկոլ Փաշինյանի՝ Սարդարապատում ունեցած ելույթով և «ժողովրդի սիրով»։

Այսքանով եկեղեցու դեմ սկսած անպատիժ արշավը չավարտվեց․ երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակ նետեց «Ստամբուլյան կոնվենցիայի» ընդունման անհրաժեշտությունը, դրան անմիջապես արձագանքեց Մայր Աթոռը՝ հորդորելով զերծ մնալ դրա վավերացումից, մասնավորապես նշելով․ «Նկատի առնելով, որ ազգային-հոգևոր մեր ինքնության և անվտանգության շահերի տեսանկյունից կոնվենցիայում առկա են խիստ մտահոգիչ դրույթներ ու հասկացություններ` հորդորում ենք հայրենի իշխանության պատասխանատու մարմիններին զերծ մնալ փաստաթղթի վավերացումից»: Այս հայտարարությունից հետո արշավն ընդդեմ եկեղեցու մեծ թափ հավաքեց։

Չափազանց նվաստացուցիչ էր այն երևույթը, որ այս արշավը հասարակության լայն շերտի ուշադրությանը չարժանացավ՝ օ՛չ պետական, օ՛չ իրավական տեսանկյունից։ Փոխարենը ինչ-որ անհայտ սեռի ներկայացուցչի նկատմամբ որևէ չնչին՝ ենթադրյալ ոտնձգության դեպքում, ոչ միայն բազմահազարանոց բողոքի ակցիա կկազմակերպվեր, այլև բացի ներպետական կառույցներից՝ այդ ենթադրյալ դեպքին կարձագանքեր ողջ հավաքական «ժողովրդավար», «հումանիստ» Արևմուտքը, իսկ այդպիսի նախադեպեր բազմիցս եղել են։

Սա միայն մեկ փոքրիկ օրինակ է, թե գործող վարչախումբը իշխանության գալուց անմիջապես հետո ինչու մտածված թիրախավորեց և փորձեց նվազեցնել Հայ առաքելական եկեղեցու դերը։ Դա սպասելի էր, որովհետև պատմությունից գիտենք՝ երբ չենք ունեցել պետականություն ազգի միասնականության, համախմբվածության դերը որ կառույցն է ստանձնել, իհարկե, Հայ առաքելական  եկեղեցին։ Եվ քանի որ նրանք շատ հեռուն գնացող նպատակներ ունեին, առաջինը պետք է «խփեին» ազգապահպանության «բեռը» դարեր շարունակ իր ուսերին կրող Հայ առաքելական եկեղեցուն, որին պետք է հաջորդեին այլ՝ ավելի դաժան և սահմռկեցուցիչ իրադարձություններ և կորուստներ, որին մենք ականատես եղանք և ցավոք, շարունակում ենք լինել։ Սա պայմանական կարելի է համարել Արցախի հանձնման առաջին փուլը՝ գործող վարչախմբի իշխանության գալուց հետո։

Հերթով․․․

Շարունակելի․․․

#ԻնչպեսհանձնեցինԱրցախը

 

Լուսինե Այրապետյան